Երևանը Բաքվին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը


Երևանը Բաքվին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը

  • 21-11-2023 16:00:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի շուրջ իր 6-րդ առաջարկը։
 
«Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում։
 
Խոսքն ինչ առաջարկների մասին է, Երևանը չի մանրամասնում։
 
Բաքուն օրերս դժգոհել էր, թե Հայաստանին ներկայացրել են «խաղաղության համաձայնագրի հինգերորդ տարբերակը, սակայն արդեն երկու ամիս է Երևանը չի արձագանքում»։
 
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ասել էր, որ Բաքուն դեռ սեպտեմբերի 11-ին է փոխանցել այն՝ բացատրական գրություններով՝ ակնկալելով պատասխան մոտ ժամանակներում։
 
«Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ սա պատմական հնարավորություն է, և խոչընդոտներ չկան խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ հատկապես Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից հետո: Իսկ թե որքանով է պատրաստ Հայաստանը, այժմ էլ լուրջ հարցեր են առաջանում», - ասել է Հաջիևը՝ ընդգծելով, որ «գնդակն այժմ Երևանի դաշտում է»:
 
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր՝ Բաքուն նոր առաջարկներ է փոխանցել:
 
«Գործընթաց կա, քննարկում կա, իհարկե առերես բանակցություններ այս ընթացքում հունիսից հետո չեն եղել։ Դժբախտաբար, էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից», - ասել էր Միրզոյանը:
 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ օրերս հայտարարեց՝ «խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում կողմերի անվստահության պատճառով»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը