Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն Ազգային ժողովում է


Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն Ազգային ժողովում է

  • 23-02-2024 15:30:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 23-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները` ղեկավար Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ:
 
<<Տարիներ շարունակ հայ-ֆրանսիական հարաբերություններն ընկալվել են որպես առանձնաշնորհյալ, որում մեծ դեր է ունեցել նաեւ հայկական սփյուռքը Ֆրանսիայում: Այսօր կարող ենք արձանագրել, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն արդեն բարձրացել են ինստիտուցիոնալ մակարդակի` հիմնված փոխադարձ շահերի վրա>>,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը` ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում:
 
ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին` Եվրոպայի խորհրդարանում Հայաստանին աջակցելու համար, Ֆրանսիայի Սենատին` 2024 թվականի հունվարի 17-ին ընդունած բանաձեւի համար:
 
Անդրադառնալով Միսաք եւ Մելինե Մանուշյանների վերահուղարկավորման իրադարձությանը ֆրանսիական պանթեոնում` ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ` նա ընդգծել է, որ անսասան են երկու ժողովուրդների ջերմ բարեկամական հարաբերությունները:
 
ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն իր յուրահատուկ տեղն ունի ֆրանսիական քաղաքական կյանքում: <<Մեր հարաբերություններն առանձնահատուկ են: Մենք աջակցելու ենք Հայաստանին` դեպի խաղաղություն ճանապարհին>>,- նշել է Նատալի Լուազոն:
 
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, աննախադեպ համարելով ՖՀ անվտանգության նախարարի գլխավորությամբ պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել է ՖՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների դերակատարությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման եւ հայանպաստ բանաձեւերի ու որոշումների կայացման գործում:
 
Անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Հայաստանում անհրաժեշտ կարիքները հոգալու ծրագրերին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն