Հայ–ֆրանսիական «Նռան գույնը» պարային բեմադրությամբ Երևանում կներկայացվի Ս․ Փարաջանովի ժառանգությունը


Հայ–ֆրանսիական «Նռան գույնը» պարային բեմադրությամբ Երևանում կներկայացվի Ս․ Փարաջանովի ժառանգությունը

  • 14-03-2024 18:09:47   | Հայաստան  |  Մշակույթ

2024 թվականը հոբելյանական է հայ անվանի կինոռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Փարաջանովի (Սերգեյ Հովսեփի Փարաջանյան) համար։ 
 
Վերջինիս 100–ամյակի հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի պաշտոնական ծրագրում։ Այդ կապակցությամբ գործում է կառավարական հանձնաժողով, որը նախապատրաստել է տարբեր միջոցառումներ, ծրագրեր Հայաստանում և արտերկրի մի շարք երկրներում, այդ թվում նաև ՅՈՒՆԵՍԿՕ–ի կենտրոնակայանում։  
 
Հայաստանում Ս․ Փարաջանովի 100–ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում երկու օր՝ մարտի 15–ին և 16–ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը։ 
 
Նշյալ նախագիծն իրականացվել է ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միության, «Պոլ ան Սցեն» կազմակերպության, «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի և «Արտ–Իմաժ» մշակությային ՀԿ–ի կողմից, Երևանի քաղաքապետարանի, Լիոնի Մետրոպոլի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Լիոնում Հայաստանի հյուպատոսության աջակցությամբ։ 
 
Ինչպես մարտի 14–ին լրագրողների հետ զրույցում նշեց, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ֆրանսիայում փարաջանովյան տարին մեկնարկել է հենց «Նռան գույնը» ներկայացմամբ։ 
«Ֆրանսիայում տարին բացվեց այս ներկայացմամբ, որը հայ–ֆրանսիական երկարամյա բարեկամության արդյունքն է։ Բացատրեմ, թե ինչո՞ւ․ նախ բովանդակությունը հայկական է, հեղինակը մեր հայուhի Սաթենն է, իսկ կատարողը ֆրանսիացի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին։ Միշտ ասում ենք՝ Փարաջանովը մեծ ժառանգություն է թողել, բայց ո՞րն է այդ ժառանգությունը, արդյո՞ք միայն «Նռան գույնը» ֆիլմն է, կամ արդյո՞ք միայն կոլաժներն են, որոնք մենք տեսել ենք։ Կարծում եմ այս ներկայացմամբ պատասխանում ենք այս հարցերին»,– նշեց Դ․ Դանիելյանը։ 
 
Նրա խոսքերով՝  մեծ պատիվ է, երբ կա այսպիսի համագործակցություն հայ և ֆրանսիացի գործիչների միջև, և կա Փարաջանովի այսպիսի մեկնաբանություն․ «Այս բարեկամության երկրորդ կետն այն է, որ ունենք համաֆինանսավորում,  Հայաստանի ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, և Ֆրանսիայի Լիոն Մետրոպոլի կողմից։ Եվ երրորդ կետը, պարողները հայ են և ֆրանսիացի՝ այստեղից և Լիոնից»։ 
 
Նախագծի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանն իր հերթին նշեց, որ նախագածի վրա սկսել են աշխատել 2021 թվականից։ 
 
«Ի սկզբանե մեզ համար հստակ էր, որ մենք պատրաստվում էինք Փարաջանովի 100–ամյակին։ Եվ մեր թատերական միությունը, որը 10 տարվա գործունեություն ունի Ֆրանսիայում և մշտապես հանդես է գալիս Ֆրանսիայում հայակական մշակույթի, իսկ Հայաստանում ֆրանսիական մշակույթի հանրահռչակմամբ, ցանկություն ուներ ներկայացնելու մեր հանճարեղ կինոռեժիսորին՝ Ս․ Փարաջոնվին, բայց արվեստի մեկ այլ լեզվով, որը շատ ավելի հասանելի կդարձներ նրա արվեստը»,– ընդգծեց Ս․ Խաչատրյանը։ 
Վերջինիս խոսքերով՝ Փարջանովի արվեստը ներկայացնելու մյուս լեզուն որոշել են որ պետք է լինի պարը, իսկ դրա համար համագործակցել են Ֆրանսիայում շատ հայտնի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի հետ։  
 
«Ինձ համար որպես հայկական արմատներով արտիստ, շատ կարևոր էր տեսնել, թե ինչպես են այլ մշակույթի կրողներն ընկալում մեր մշակույթը և մատուցում։ Ի վերջո, երբ մենք խոսում ենք Փարաջանովի մասին, մի քանի բառեր կան, որոնք անմիջապես գալիս են մեր մտքին՝ ազատություն, համարձակություն, երկխոսություն։ Եվ կարծում եմ, որ մեր նախագիծն այս երեք բառերի ամփոփումն է, որոնք ամենալավն են ներկայացնում Փարաջանովին»,– շեշտեց Ս․ Խաչատրյանը։ 
 
Նրա փոխանցմամբ՝ ներկայացման երաժշտությունը գրվել և ձայնագրվել է «Հող» խմբի կողմից, որը միախառնել է ժամանակակից երաժշտությունը ժողովրդական երաժշտության հետ, իսկ Մուրադ Մերզուկին երկխոսության մեջ է դրել հայկական ժողովրդական պարը հիփ հոփի և ժամանակակից պարերի հետ։ 
 
Նշենք, որ ներկայացման ֆրանսիական առաջնախաղը կայացել է այս տարվա հունվարի 19-ին և 20-ին՝ Դեսինի «Տոբոգան» թատրոնում, այնուհետև հունվարի 26–ին՝ «Գասկոն» թատրոնում, իսկ մարտի 17–ին բեմադրությունը կներկայացվի Վրաստանում՝ Ռուսթավելու թատրոնում։ 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Մշակույթ