ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն


ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

  • 21-03-2024 11:30:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, տնօրենի տեղակալներ Արամ Հակոբյանը, Անդրանիկ Սիմոնյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ–շտաբի պետ, գնդապետ Էդգար Հունանյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և այլք:
 
Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո։
 
Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցեցին զինվորական երդման տեքստը, հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար:
 
Երդման արարողության կապակցությամբ ծնողների անունից նորակոչիկներին շնորհավորեց նաև Նաիրա Ղազարյանը, ով իր մայրական խոսքն ուղղեց նորակոչիկներին:
 
«Զավակներս, որդիս մենք հպարտ ենք, որ համալրելով Հայոց բանակի շարքերը այսօրվանից դարձաք նրա երդվյալ պաշտպանները։ Հուսով ենք` փառքով կկատարեք Հայրենիքի պաշտպանի Ձեր պարտականությունը, կլինեք կարգապահ և օրինակելի զինվորներ, կկատարեք զինվորական երդման պահանջները։ Մենք՝ ծնողներս, համոզված ենք, որ դուք բարձր կպահեք Ձեր ծնողների պատիվը»,- իր խոսքում նշեց Ն.Ղազարյանը:
 
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, շնորհավորելով նորակոչիկներին, իր ելույթում նշեց. «Համոզված եմ, որ յուրաքանչյուրդ քաջ գիտակցում եք երդման կարևորությունն ու նշանակությունը զինվորականի կյանքում։ Այն ծառայողի պատվի ու արժանապատվության, Հայրենիքին անմնացորդ նվիրումի, ծառայողական պարտականությունների ազնիվ և բարեխիղճ կատարելու հիմքն է:
 
Վստահ եմ, որ ծառայությունը շարունակելով Սահմանապահ զորքերի տարբեր ստորաբաժանումներում` ձեր զգոնությամբ հայրենի սահմանները կդարձնեք ավելի ամուր ու անառիկ, իսկ ձեր բարեխիղճ և կարգապահ ծառայությունով կնպաստեք Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգության ապահովման վեհ առաքելությանը:
 
Հիշե՛ք, որ Ձեր հայրենանվեր ծառայությունը մեր հասարակության խաղաղ գոյակցության ու ստեղծագործ աշխատանքի ապահովման կարևոր երաշխիքներից է։
 
Շնորհավորում եմ Ձեզ այս առանձնահատուկ նշանակություն և խորհուրդ ունեցող օրվա կապակցությամբ, ցանկանում եմ անկոտրում կամք, անվտանգ ծառայություն և բարի վերադարձ Ձեր ընտանիքներ»:
 
Երդման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց նորակոչիկների շարային քայլերթով։
 
 
ՀՀ ԱԱԾ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը