Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների չմիջամտելը ստեղծում է վտանգ, որ Ադրբեջանը կներխուժի Հայաստան. Մոնահան


Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների չմիջամտելը ստեղծում է վտանգ, որ Ադրբեջանը կներխուժի Հայաստան. Մոնահան

  • 21-03-2024 12:13:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում տեղի է ունեցել քննարկում «Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին միջազգային աջակցություն» թեմայով:
 
Պատգամավոր Քերոլ Մոնահանը նշել է, որ թեև Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են բանակցություններ վարել խաղաղության համաձայնագրի շուրջ, այնուամենայնիվ, լարվածությունը մնում է բարձր:
 
Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից շրջափակմանը, հավելել՝ «ռուս խաղաղապահները լավագույն դեպքում հանդես էին գալիս դիտորդի դերում, իսկ վատագույն դեպքում ակտիվորեն աջակցում էին տեղի հայ բնակչության նկատմամբ շարունակվող հալածանքներին»։
 
Անդրադառնալով 2023 թ. ԼՂ էթնիկ զտմանը՝ Մոնահանը նշել է, որ եղել է Հայաստան այցելած Միջխորհրդարանական միության պատվիրակության կազմում, անձամբ ծանոթացել փախստականների խնդիրներին:
 
Նա կարծիք է հայտնել, որ 1 միլիոն ֆունտ ստերլինգը, որը Մեծ Բրիտանիան պարտավորվել է տրամադրել Հայաստանին փախստականների կարիքների ապահովման համար, լավ մեկնարկային կետ է, սակայն ավելին պետք է անել։  
 
Պատգամավորի խոսքով՝ հայերի՝ Լեռնային Ղարաբաղը լքելու իրավիճակում ռուս խաղաղապահների չմիջամտելը վտանգավոր նախադեպ է ստեղծում, որ միջազգային մարդասիրական իրավունքը կարող է խախտվել առանց հետևանքների, և ստեղծում է վտանգ, որ Ադրբեջանը կներխուժի Հայաստան՝ դեպի Նախիջևան տանող ճանապարհն ապահովելու համար:
 
Մոնահանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայ ժողովրդի էթնիկ զտումը հիշեցնում է 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը: Նա քննադատել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը այն չճանաչելու համար:
 
Անդրադառնալով Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի հարաբերություններին՝ քննադատել է Ֆորին Օֆիսի պաշտոնյաների որոշումը՝ խրախուսել բրիտանացի գործարարներին՝ օգտագործելու շահութաբեր առևտրային հնարավորությունները Լեռնային Ղարաբաղում, աջակցելու Ալիևի վերակառուցման օրակարգին:
 
«Սա ուղղակի հրաժարում է Մեծ Բրիտանիայի կառավարության բարոյական պարտականություններից: Դա նաև կեղծավորություն է։ Ինչպե՞ս կարող է Մեծ Բրիտանիայի կառավարությունը դատապարտել սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ուժի անընդունելի կիրառումը, իսկ վեց շաբաթ անց խրախուսել բրիտանական առևտրային ներգրավվածությունը տարածաշրջանում»,- նշել է պատգամավորը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը