ՀՀ–ն 23 տարի անց կվավերացնի ԱՊՀ–ում մի շարք պայմանագրերի դադարեցման մասին արձանագրությունը


ՀՀ–ն 23 տարի անց կվավերացնի ԱՊՀ–ում մի շարք պայմանագրերի դադարեցման մասին արձանագրությունը

  • 21-03-2024 14:50:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Այդ պայմանագրերը դադարել են գործել ավելի քան 20 տարի առաջ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից դեռևս 2000 թ. դեկտեմբերին ստորագրված արձանագրության համաձայն։
 
Հայաստանը կվավերացնի ԱՊՀ շրջանակում մի շարք բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին արձանագրությունը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
 
ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից դեռևս 2000 թ. դեկտեմբերին ստորագրված արձանագրությունը միայն հիմա է ուղարկվում ՀՀ Սահմանադրական դատարան, որից հետո այն կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը, թեև փաստաթղթում նշված պայմանագրերը վաղուց արդեն կորցրել են իրենց ուժը: ՍԴ–ում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
 
Հիշեցնենք, որ արձանագրության մեջ նշված մի շարք համաձայնագրեր դադարել էին գործողության ժամկետը լրանալու կամ նորացված պայմանագրերի կնքման արդյունքում, իսկ մի շարք այլ համաձայնագրեր՝ Համագործակցության երկրների փոխադարձ համաձայնությամբ:
 
Առաջին խմբի մեջ են մտնում առևտրատնտեսական համագործակցության բնագավառում փոխհարաբերությունների կարգավորման մասին, ապրանքների տարանցման կարգի մասին, գիտատեխնիկական համագործակցության մասին, զինվորական կադրերի պատրաստման մասին և մի շարք այլ համաձայնագրեր:
 
Մյուս խմբում ներառված են պաշտպանական բնույթի մի շարք համաձայնագրեր, որոնք կնքվել են անցումային շրջանի համար (ԽՍՀՄ փլուզման և ԱՊՀ ձևավորման միջև)։ Դրանց թվում են զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի համաձայնագիրը, ռազմավարական ուժերի վերաբերյալ համաձայնագրերը։
 
Ներառված է նաև Հայաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ մի շարք այլ երկրների միջև անցումային շրջանի ընդհանուր նշանակության ուժերի մասին համաձայնագիրը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը