Երևանն անհամբեր սպասում է թարմացված ԵՄ գործընկերության առաջնահերթություններին․ ԱԺ խոսնակ


Երևանն անհամբեր սպասում է թարմացված ԵՄ գործընկերության առաջնահերթություններին․ ԱԺ խոսնակ

  • 21-03-2024 15:49:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Երևանը ծափահարում է ԵՄ-ին համագործակցությունը խորացնելու հանձնառության համար և անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին, որոնք կարտացոլեն համատեղ մոտեցումները, Բրյուսելում, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանի բացմանը հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
 
Վկայակոչելով ԵՄ-ին ավելի մոտենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԱԺ խոսնակը շեշտել է՝ Երևանը դիտարկում է Արևելյան գործընկերությունը, որ խթանել է ավելի սերտ համագործակցություն լայն օրակարգով՝ որպես ամուր հիմք Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար:
 
Ընդգծելով, որ Հայաստանը միանշանակորեն ընտրել է ժողովրդավարացման և բարեփոխումների ուղին՝ ԱԺ նախագահը հայտարարել է՝ Հայաստանը հաստատակամ է շարունակելու այս ճանապարհը Եվրամիության աջակցությամբ․ - «Հայաստանը մնում է հանձնառու տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղություն ստեղծելուն»:
 
Նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր Ստրասբուրգում հայտարարել, թե Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Բրյուսելը հնարավոր համարի, ապա արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր ասել՝ Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը։ Անցած շաբաթ Եվրախորհրդարանն ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որով Եվրամիության օրենսդիր մարմինը գործադիր իշխանությանն առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:
 
Պաշտոնական Երևանը ողջունեց բանաձևը։ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։
 
Ընդգծելով, որ ԵՄ-ի առաքելության տեղակայմամբ Հայաստանում բարելավվել է անվտանգային իրավիճակը երկրի սահմանամերձ շրջաններում՝ Սիմոնյանը շեշտել է, որ Երևանն անհամբերությամբ է սպասում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն՝ որպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս:
 
«Սա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը, մարդկանց միջև շփումները խթանելուն զուգահեռ, շատ կարևոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին», - ասել է Սիմոնյանը:
 
ԱԺ խոսնակն ընդգծել է, որ տարածաշրջանային անվտանգությունն ու Հայաստանի պաշտպանողական կարողությունները զարգացնելն ու դիվերսիֆիկացնելը Երևանի համար մնում են առաջնահերթություն՝ կարևորելով խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը։
 
«Միաժամանակ մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից», - եզրափակել է Սիմոնյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը