Իրանցիների ու հայերի մշակութային կապերը թևակոխել են նոր փուլ՝ նոր իմաստ և նշանակություն ստանալով փոխադարձ ճանաչողության շնորհիվ․ Իրանի դեսպան


Իրանցիների ու հայերի մշակութային կապերը թևակոխել են նոր փուլ՝ նոր իմաստ և նշանակություն ստանալով փոխադարձ ճանաչողության շնորհիվ․ Իրանի դեսպան

  • 21-03-2024 15:55:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայերի ու իրանցիների մշակութային հարաբերությունները հաստատվել են հազարամյակների ընթացքում, սակայն վերջին երեսուն տարում այդ հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, նոր իմաստ և նշանակություն են ստացել փոխադարձ ճանաչողության շնորհիվ։ Իրանը հնագույն ժամանակներից հայերի համար ընդունվել է որպես հայրենիք, մի երկիր, որտեղ հայերն իրենց համարում են և՛ հայ, և՛ իրանցի, և, պահպանելով իրենց ինքնությունը, միահյուսվել են իրանական հասարակության հետ։ 
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մատենադարանում իրանահայ անվանի նկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին նվիրված գիտաժողովում այդ կարծիքը հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
 
«Նման գիտաժողովների անցկացումն օգնում է երկու երկրների մտավորականներին, գիտնականներին և ժողովուրդներին ավելի լավ ճանաչել միմյանց։ 21-րդ դարի աշխարհն այլևս այն աշխարհը չէ, որից անհատը կամ հասարակությունը կարող է պատսպարվել իր շուրջը պարիսպ կառուցելով, այլ յուրաքանչյուր հասարակության ու սոցիալական խմբի «ես»-ը իմաստ է ստանում՝ ելնելով աշխարհում առկա ընդհանրություններից։ Ինչպես Շեքսպիրն է ասել՝ աշխարհը նման է այն երկու աչքերին, որոնցում երևում է սեփական կերպարը։ Նման աշխարհում ո՛չ միայն մշակույթներն են կարևոր դեր խաղում, այլև ամեն ինչ վերածվում է մշակութային կատեգորիայի։ Համաշխարհային քաղաքականության մեջ վերջին տասնամյակների զարգացումները վկայում են այն մասին, որ մշակույթը կարևորվում է միջազգային հարաբերություններում և պետությունների արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց Սոբհանին։
 
Դեսպանի խոսքով՝ երկրների արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակներից է միջազգային հեղինակության ձեռքբերումն ու ազդեցությունն աշխարհի հասարակական կարծիքի վրա, ինչին հնարավոր է հասնել ըստ յուրաքանչյուր երկրի տեղի, դիրքի, հնարավորությունների և մշակութային կարողությունների։ Երկրները փորձում են ամրապնդել իրենց մշակութային իմացաբանության հիմքերը և ընդհանրացնել ձևավորված արժեքները, գիտելիքներն ու մոտեցումներն իրենց աշխարհագրական սահմաններից դուրս, որպեսզի նպաստեն համընդհանուր առաջընթացին՝ օգտվելով մշակույթի ուժից։
 
Սոբհանիի կարծիքով՝ Իրանը կարող է այդ դերը կատարել մշակույթի միջոցով, քանի որ Իրանի արժեքավոր մշակութային ռեսուրսները նրան թույլ են տալիս դեմ առ դեմ նստել կարևոր մշակույթների հետ և մասնակցել աշխարհի զարգացման գործին։
 
«Ժամանակակից Իրանի հասարակությունը հիմնված է ամուր պատմական, գաղափարական և ժողովրդի ու իշխանության ազգային վճռականության ու կամքի վրա, ինչը միշտ ապահով հանգրվան է եղել միաստվածային կրոնների, ազգերի և քաղաքակրթությունների հետևորդների համար և հաջող փորձություն է անցել համակեցության, մշակույթների, քաղաքակրթությունների, աստվածային տարբեր կրոնների զարգացման ու բարգավաճման, ինչպես նաև արժեքների փոխադարձ էվոլյուցիայի՝ որպես բարենպաստ ու հարմար միջավայրի ոլորտում։ Այս բոլոր գործոնները հանգեցրել են նրան, որ Իրանի ժողովրդի մարդկային հարաբերություններում իշխող համախմբվածությունն ու միասնությունը, առանց կրոնական և մշակութային տարբերությունները հաշվի առնելու, ժողովրդին վերածել են մեկ միասնական ամբողջության»,- նշեց դիվանագետը։
 
Դեսպանը վկայակոչեց մեծանուն փիլիսոփա Հեգելի կարծիքը, ըստ որի՝ իրանցիները եղել են ժամանակակից կայսրության հիմնադիրները, որտեղ տարբեր էթնիկ խմբեր և ազգեր համարվում են այդ մեծ կայսրության մաս՝ պահպանելով իրենց ինքնությունն ու մշակույթը։
 
«Այն, ինչ ասում է Հեգելը, անհերքելի փաստ է, ինչը պայմանավորված է իրանցիների իմաստնության, հանդուրժողականության հատկանիշներով, որոնք իրանական մշակույթի ինքնության տարրերից են։ Դա խոսում է Իրանի մշակույթի ինքնատիպության ու հասունության մասին և հիմնականում հատուկ է հին, փորձառու ազգերին, որոնք պատմության ընթացքում առնչվել են տարբեր ազգերի և էթնոսների տեսությունների ու մոտեցումների հետ։ Ռասիզմը, ագրեսիան, այլատյացությունը հիմնականում նկատվում են նորահայտ երկրներում, որոնք չունեն մշակութային հարստություն և քաղաքակրթություն»,- ասաց Սոբհանին։
 
Նա ողջունեց հայ համայնքի ակտիվ ներկայությունն Իրանի քաղաքական, տնտեսական, հասարակական, գիտական և մշակութային կյանքում՝ նշելով, որ իրանահայերն արժանի ներդրում են ունեցել նաև Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի գործում։ Նրա պնդմամբ՝ իրանահայ գիտնականներն ու հետազոտողները, գրողներն ու արվեստագետները կարևոր դեր են խաղացել ոչ միայն հայկական մշակույթի զարգացման ու տարածման, այլև Իրանի պատմությունը, մշակույթը ներկայացնելու, Իրանի սոցիալ-տնտեսական կյանքը զարգացնելու գործում։ Սույն գործընթացը շարունակվում է մինչ օրս, և այդ ծառայությունների հավաքական ամբողջությունը հավաքագրվել ու փաստագրվել է մի գրքում, որը կոչվում է Իրանահայոց հանրագիտարան։
 
«Մենք բարձր ենք գնահատում այս դերը և այն համարում ենք արժեքավոր սոցիալական կապիտալ իրանցի և հայ ժողովուրդների միջև բարեկամության խորացման համար։ Ո՛վ Հաֆեզ, եթե ցանկանում ես հասնել քո սիրեցյալին, պետք է խոնարհ լինես առաքինի և կատարյալ մարդկանց առջև։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը»,- եզրափակեց իր ողջույնի խոսքը ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։   
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը