Ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանի հասցեին սպառնալիքներն անընդունելի են. Կլաար


Ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանի հասցեին սպառնալիքներն անընդունելի են. Կլաար

  • 26-03-2024 10:30:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են, X-ում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
 
«Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակներում», - նշել է Կլաարը:
 
Եվրամիության ներկայացուցիչը չի նշել, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը։
 
Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։
 
Տավուշի գյուղերի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Հայաստանի վարչապետն ասել է՝ ՀՀ-ի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալ։ Նա խոսել էր Տավուշի մարզի հայկական գյուղերի՝ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի և Բերքաբերի դիմաց գտնվող սահմանը որպես մեկ ամբողջական կտոր սահմանազատելու մասին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը