Բաքուն պնդում է՝ Ֆրանսիայի հատուկ ծառայությունները լրտեսական ցանց են ձևավորում Ադրբեջանում


Բաքուն պնդում է՝ Ֆրանսիայի հատուկ ծառայությունները լրտեսական ցանց են ձևավորում Ադրբեջանում

  • 28-03-2024 16:00:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik․ Ադրբեջանը մեղադրում է Ֆրանսիային տարածաշրջանում խաղաղության պահպանման փոխարեն Հայաստանին զենք-զինամթերք մատակարարելու համար։
 
Բաքվում պնդում են, թե Ֆրանսիան իր հատուկ ծառայությունների միջոցով լրտեսական ցանց է ձևավորում ՝ գործելով ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը։
 
«Տարածաշրջանում խաղաղության պահպանման փոխարեն Ֆրանսիան զենք-զինամթերք է մատակարարում Հայաստանին։
 
Ֆրանսիան դրանով չի սահմանափակվում, իր նպատակին հասնելու համար հատուկ ծառայության ներկայացուցիչների միջոցով գաղտնի համագործակցության մեջ ներգրավում է տարբեր անձանց, ձևավորում է լրտեսական ցանց, գործում է ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության»,- ասել է Նագիևը։
 
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է դա՝ անհապաղ և օպերատիվ համարժեք քայլեր ձեռնարկելով:
 
Նագիևը նաև մեղադրել է Փարիզին, թե Երևանին դրդում է հերթական պատերազմի՝ փորձելով իրագործել Հարավային Կովկասը մարտի դաշտ դարձնելու իր ծրագիրը:
 
Հիշեցնենք, որ հունվարին Փարիզում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտնել էր, թե Ադրբեջանի իշխանությունները լրտեսության մեղադրանքով ձերբակալել են Ֆրանսիայի քաղաքացու: Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել էր ներքին գործերին միջամտելու Բաքվի մեղադրանքները այն բանից հետո, երբ Փարիզը պահանջել է ազատ արձակել ձերբակալվածին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը