Ահաբեկչության սպառնալիքի մասին ռուսներին ԱՄՆ-ի տված տեղեկատվությունը կոնկրետ էր և արժանահավատ. Թրեյսի


Ահաբեկչության սպառնալիքի մասին ռուսներին ԱՄՆ-ի տված տեղեկատվությունը կոնկրետ էր և արժանահավատ. Թրեյսի

  • 30-03-2024 10:27:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ը սկզբունքային դիրքորոշում ունի ահաբեկչական սպառնալիքների մասին այլ երկրներին նախազգուշացնելու հարցում։
 
Նա հրապարակել է պաշտոնական հայտարարություն, որով ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել մեկ շաբաթ առաջ Կրասնոգորսկում Crocus City Hall համերգային համալիրում բազմաթիվ անմեղ մարդկանց ահաբեկչական սպանության կապակցությամբ:
 
«Միացյալ Նահանգները միանշանակ դատապարտում է ահաբեկչությունը դրա բոլոր դրսևորումներով: Մենք հիշում ենք, որ Ռուսաստանն առաջինը մեզ հետ կապ հաստատեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո: Ահաբեկչության դեմ պայքարում մեր երկրի սեփական փորձից ելնելով, մենք որդեգրել ենք ուրիշներին նախազգուշացնելու և տեղեկատվություն փոխանցելու գործելակերպ, երբ առկա է վտանգ խաղաղ բնակիչների համար: Խոսքը ոչ միայն մեր դաշնակիցների, այլև այն երկրների մասին է, որոնց հետ մենք կարող ենք ունենալ խորը տարաձայնություններ, այդ թվում՝ Ռուսաստանի»,- ասել է Լին Թրեյսին:
 
Դեսպանի փոխանցմամբ, ռուսաստանցի մի շարք պաշտոնյաներ խեղաթյուրել և հրապարակայնորեն մերժել են «Իսլամական պետություն» կառույցից բխող սպառնալիքի մասին ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի անվտանգության ծառայություններին ամսվա սկզբին տրամադրված տեղեկատվության օգտակարությունը:
 
«Փաստն այն է, որ ռուսական կողմին մեր տրամադրած գրավոր տեղեկատվությունը կոնկրետ էր, հրատապ և արժանահավատ»,- ասվում է Թրեյսիի հայտարարությունում:
 
ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «երկար տարիներ Ռուսաստանի իշխանություններին փոխանցել է սպառնալիքների մասին տեղեկատվություն» և կշարունակի դա անել։
 
Ամերիկյան կողմը նաև կշարունակի «արձագանքել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությանն աջակցելու հարցով Ռուսաստանի կառավարության հայտերին»։
 
Լին Թրեյսին նաև հույս է հայտնել, որ «ռուս ժողովուրդը կկարողանա խաղաղություն գտնել և ուշքի գալ առաջիկա մի քանի օրերի և շաբաթների ընթացքում և վերականգնել ուժերը՝ կյանքը շարունակելու համար»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը