Մոսկվայի մարզում ահաբեկչությունից առաջ Իրանը Ռուսաստանին նախազգուշացրել է հնարավոր սպառնալիքի մասին. Reuters


Մոսկվայի մարզում ահաբեկչությունից առաջ Իրանը Ռուսաստանին նախազգուշացրել է հնարավոր սպառնալիքի մասին. Reuters

  • 01-04-2024 16:00:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած հարձակումից առաջ, ըստ մի շարք աղբյուրների, Իրանը Ռուսաստանին հայտնել է խոշոր ահաբեկչական գործողության հավանականության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ 3 աղբյուրներ։
 
Մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունը, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, 144 մարդու կյանք է խլել։ Ըստ ավելի վաղ տարածված տեղեկությունների՝ Ռուսաստանին ահաբեկչության մասին հայտնել էր նաև ԱՄՆ-ն։ Այնուամենայնիվ, ըստ Reuters-ի, Ռուսաստանը չէր կարող անտեսել իր գործընկեր Իրանի հաղորդած հետախուզական տվյալները։
 
«Ռուսաստանում տեղի ունեցած հարձակումից օրեր առաջ Թեհրանը Մոսկվայի հետ Ռուսաստանի ներսում հնարավոր խոշոր ահաբեկչական հարձակման մասին տեղեկատվություն է կիսել, որը ստացվել է Իրանում զոհերի պատճառ դարձած ռմբակոծությունների համար ձերբակալվածների հարցաքննության ընթացքում», - ասել է Reuters-ի աղբյուրներից մեկը։
 
Իրանը հունվարին 35 մարդու էր ձերբակալել, որոնք առնչություն ունեին Քերման քաղաքում հունվարի 3-ին տեղի ունեցած երկու պայթյունների հետ, որոնք գրեթե 100 զոհի պատճառ են դարձել։
 
Երկրորդ աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Մոսկվային Թեհրանի կողմից տրամադրված տեղեկությունը չէր պարունակում հստակ մանրամասներ՝ կապված հարձակման ժամանակի կամ կոնկրետ թիրախի վերաբերյալ։
 
«Նրանց (խմբ․՝ ԻՊ-Խորասանի՝ ԻՊ-ի աֆղանստանյան մասնաճյուղի անդամներին) հրահանգված էր պատրաստվել Ռուսաստանում մեծ գործողության։ (Խմբ․՝ Իրանում ձերբակալված) ահաբեկիչներից մեկը ասել է, որ խմբավորման մի շարք անդամներ արդեն մեկնել են Ռուսաստան», - ասել է գործակալության երկրորդ աղբյուրը։
 
Reuters-ի երրորդ աղբյուրը, որն անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա է, ասել է, որ Իրանի իշխանությունները կատարել են իրենց պարտավորությունը՝ «նախազգուշացնելու Մոսկվային՝ հիմնվելով ձերբակալված ահաբեկիչներից ստացված տեղեկատվության վրա»։
 
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Իրանի կողմից տրամադրված տեղեկությունների վերաբերյալ հարցին պատասխանել է. «Ես դրա մասին ոչինչ չգիտեմ»։  Աֆղանստանի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ բաժնի տնօրեն Զամիր Քաբուլովը հայտնել է, որ ինքը նման տեղեկատվություն չունի։ Իրանի արտգործնախարարությունը որևէ մեկնաբանություն չի տվել այս հրապարակման շուրջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը