ԱՄՆ-ն պլանավորում է կործանիչներ, հրթիռներ և զինամթերք մատակարարել Իսրայելին


ԱՄՆ-ն պլանավորում է կործանիչներ, հրթիռներ և զինամթերք մատակարարել Իսրայելին

  • 02-04-2024 13:48:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԱՄՆ կառավարությունը դիտարկում է Իսրայելին 50 նոր F-15 կործանիչներ, AIM-120 միջին հեռահարության «օդ-օդ» դասի կատարելագործված հրթիռներ, ինչպես նաև զինամթերք վաճառելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին առաջինը հաղորդել է POLITICO հրատարակությունը:
 
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչներից մեկը The Hill-ին հաստատել է, որ վարչակազմը Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին ոչ պաշտոնապես տեղեկացրել է վաճառքի մասին, իսկ հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլն արդեն «հավանություն է տվել այն բանին, որ գործարքի մասին պաշտոնապես ծանուցվի Կոնգրեսին»:
 
CNN-ն իր հերթին, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ վարչակազմը շուտով կարող է հավանություն տալ Իսրայելին 50 F-15 կործանիչներ վաճառելուն. գործարքի արժեքը գնահատվում է 18 միլիարդ դոլար։
 
Հեռուստաալիքը հաղորդում է, որ Կոնգրեսում դեմոկրատների շրջանում նաև աճում է անհանգստությունը նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ Իսրայելին հետախուզական տվյալներ փոխանցելու շարունակական գործելակերպի առնչությամբ, որը նախագահի հրամանով ընդլայնվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից և Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողություններից հետո:
 
Ամերիկյան ԶԼՄ-ները, մեկնաբանելով սպառազինությունների հնարավոր մատակարարումները, շեշտում են, որ այս քննարկումները տեղի են ունենում Բայդենին ուղղված կոչերի ֆոնին՝ զերծ մնալ Իսրայելին զենք մատակարարելուց:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը