ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նոր դեպք


ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նոր դեպք

  • 03-04-2024 14:44:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է պայքարը կառուցապատման ոլորտում հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտները թաքցնելու, հարկային մարմնի հսկողության ենթակա այլ իրավախախտումներ կատարելու արատավոր երևույթների բացահայտման և կանխման ուղղությամբ:
 
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցում բազմաբնակարան շենքի կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերություններից մեկն առանձնապես խոշոր չափերով  հարկեր չվճարելու նպատակով թաքցնում է հարկման օբյեկտները` օտարվող բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում պակաս են նշվում բնակարանների իրական արժեքները, իսկ գումարի մնացած մասը, խախտելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ ստանում են կանխիկ եղանակով:
 
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հաստատվել են ստացված տեղեկությունները: Պարզվել է, որ տվյալ ընկերության կողմից Ուլնեցի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների գնման իրավունքների օտարման պայմանագրերում 1 քմ-ի արժեքը նշվել է 407․692-768.492 դրամ, մինչդեռ ըստ ստացված տեղեկությունների՝ 1 քմ-ի իրական արժեքը կազմել է 911.961 ՀՀ դրամ։
 
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ՍՊ ընկերության անունից հանդես եկող, ընկերության տնօրեն և մասնակից Դ․Ա․-ի հայրը՝ Ս․Ա․-ն, բնակարանի գնորդի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 104․1 քմ մակերեսով բնակարանը 235․000 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ:  Պահանջել է նաև գումարի մի մասը կանխիկ տրամադրել իրեն։
 
Այնուհետև բնակարանը օտարելու նպատակով, խախտելով ՀՀ դրամով գործարքներ կատարելու՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենսդրական պահանջները,  ընկերության բակում գտնվող գրասենյակային տարածքում, Ս․Ա․-ն բնակարանի գնորդից կանխիկ եղանակով ստացել է 100․000 ԱՄՆ դոլար, որի կապակցությամբ կազմել և գնորդին է տրամադրել ձեռագիր հայտարարություն։ Գումարը ստանալու վերաբերյալ հայտարարությունը գնորդին տրամադրելուց անմիջապես հետո Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից Ս․Ա․-ն և գործարքի կատարմանը ներգրաված Հ․Ա․-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած  հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և բերվել են ՀՕՀ վարչություն։
 
Առերևույթ հանցանքի վերաբերյալ ՊԵԿ ՀՕՀ վարչությունից  հաղորդում է ուղարկվել  Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ ներկայացնելով նաև ձերբակալված անձանց և կազմված փաստաթղթերը։ 
 
Ս․Ա․-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
 
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
ՀՀ ՊԵԿ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն