ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ․ Նիկոլ Փաշինյան


ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ․ Նիկոլ Փաշինյան

  • 13-04-2024 13:10:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԵԱՏՄ անդամ երկրների ջանքերի համադրումը կարո՞ղ է ստեղծել տնտեսական համագործակցության ավելի կայուն մոդել՝ հարթելով աշխարհաքաղաքական բեկումները։
 
Պատասխանելով Ղազախստանի «Egemen Qazaqstan» և «Казахстанская правда» թերթերի հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․
 
«ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և, հատկապես, աշխարհաքաղաքական օրակարգի։ Հայկական և ղազախական կողմերը հիմնականում կիսում են այս մոտեցումը և զարգացնում են փոխգործակցությունն այս տնտեսական միավորման շրջանակներում հենց այս տրամաբանությամբ։
 
Մենք շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը: ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ: Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, ինչը կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կորոզիայի»:
 
Ղազախստանն ու Հայաստանը փոխգործակցում են ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ կառույցների շրջանակներում։ Արդյո՞ք երկրները փոխըմբռնում ունեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի շուրջ։ Պատասխանելով հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բազմակողմ հարթակներում երկրների հարաբերությունները նույնպես բնութագրվում են կանոնավոր փոխվստահելի շփումներով, գլոբալ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ մտքերի անկեղծ փոխանակմամբ և առաջացող խնդիրների համատեղ լուծումներ փնտրելու պատրաստակամությամբ։
 
«Հայաստանը, ինչպես Ղազախստանը, առանձնահատուկ հոգածությամբ է վերաբերվում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հարգմանը, մասնավորապես՝ պետական ինքնիշխանության, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման և հարգման, պետական սահմանների անխախտելիության ու անձեռնմխելիության հարցերում։
 
Մեր երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները և տարանցիկ ներուժը։
 
Ողջ վերը նշվածի համադրությունը միմյանց համար ավելի հասկանալի է դարձնում Հայաստանի և Ղազախստանի դիրքորոշումները միջազգային համայնապատկերի առանցքային հարցերի վերաբերյալ։
 
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բազմակողմ կառույցների շրջանակներում Երևանն ու Աստանան հաճախ ելնում են, եթե ոչ միշտ համընկնող, ապա շատ մոտ դիրքերից, Հայաստանը պատրաստ է փոխադարձ աջակցության հիման վրա էլ ավելի զարգացնել և խորացնել կառուցողական համագործակցությունը Ղազախստանի հետ տարբեր միջազգային և տարածաշրջանային հարթակներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play