Ի՞նչ քարտեզ ցուցադրեց Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում


Ի՞նչ քարտեզ ցուցադրեց Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում

  • 23-05-2024 11:01:37   | Հայաստան  |  Քաղաքական

 
2024թ. մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային Ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցի մասին, ցուցադրել է մի քարտեզ և, մասնավորապես, հայտարարել հետևյալը. «Ես հիմա ուզում եմ առիթից օգտվել և ձեզ ցույց տալ այն քարտեզը, որով իրականացվել է մեր սահմանազատումը: Սա 1976 թվականի գլխավոր շտաբի կողմից օգտագործվող և քարտեզագրության և գեոդեզիայի ոլորտում Խորհրդային Միության լիազոր մարմնի կողմից վերստուգված, հաստատված քարտեզներն են՝ հիմնված 1969 թվականի սահմանազատման արդյունքների վրա»:
 
Մեջբերվածի առնչությամբ հարկ է նշել հետևյալը.
 
1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիր՝ այդպիսով ազդարարելով Խորհրդային Միության կազմից Ադրբեջանի դուրս գալու մասին։ Հռչակագրով Ադրբեջանը վերականգնել է 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած, սակայն միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Հանրապետության անկախությունը:
 
1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական ակտը, որի 2-րդ հոդվածով սահմանված է, որ Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը։
 
Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով հրաժարվելով Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից ու իրեն հայտարարելով 1918-1920թթ. գոյություն ունեցած, միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Հանրապեության իրավահաջորդը՝ Ադրբեջանի Հանրապետությունն ըստ էության անվավեր է համարել Ադրբեջանին վերաբերող Խորհրդային շրջանում ընդունված բոլոր իրավական ակտերը, այդ թվում և մասնավորապես՝ Խորհրդային Ադրբեջանի քարտեզները։
 
Հետևաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չի կարող իրականացվել խոհրդային շրջանի իրավաքաղաքական հենքի վրա: Տվյալ պարագայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համար չի կարող հիմք ընդունվել խորհրդային շրջանի որևէ փաստաթուղթ, մասնավորաբար՝ այդ շրջանի որևէ քարտեզ:
 
Այժմ հարցեր. 
 
ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն չի անդրադառնում այս հարցին, 
ինչո՞ւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հրապարակայնորեն այս հարցը չեն ուղղում Նիկոլ Փաշինյանին,
ինչո՞ւ ԶԼՄ ներկայացուցիչները հրապարակայնորեն այս հարցը չեն ուղղում Նիկոլ Փաշինյանին:
 
 
Քաղաքագետ՝ Ստեփան Հասան-Ջալալյան             
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական