Ընդդիմությունը պետք է վերադառնա այն կարգավիճակին, որ սահմանված է օրենքով


Ընդդիմությունը պետք է վերադառնա այն կարգավիճակին, որ սահմանված է օրենքով

  • 13-06-2024 12:18:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1in.am. «Հայաստանի սահմանադրությամբ Ազգային ժողովում» պետք է ձեւավորվի «կայուն» մեծամասնություն, իսկ «Ազգային ժողովի Կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է, որ խորհրդարանի մեծամասնությունը «իշխող ուժ» է, մյուս խմբակցությունները՝ «ընդդիմադիր». Ի՞նչ է նշանակում «կայուն մեծամասնություն» ձեւակերպումը: Պարզ բան՝ գործադիր իշխանությունը, խորհրդարանում պետք է ունենա «մեծամասնություն», որը «կայուն» կերպով կլինի նրա քաղաքական հենարանը, կերաշխավորի օրենսդրական նախաձեռնությունների վավերացումը:
 
Խորհրդարանական կառավարման երկրներում վարչապետի վստահության հարց ծագում է, երբ նրա հենարան մեծամասնությունը, լինի այն միակուսակցական, թե կոալիցիոն, փլուզվում է կամ վարչապետի եւ նրա հենարան խմբակցության, կամ կոալիցիայի միջեւ ծագում են անհաղթահարելի տարաձայնություններ:
 
Փաստացի իրավիճակում, ԱԺ ընդդիմության կողմից վարչապեըի հրաժարականի պահանջը լեգտիմ չէ: Փաստարկը, որ կառավարությունը «խոստացել է մի բան, անում է բոլորովին այլ բան», իրավական չէ, քանի որ կառավարությունը խոստացել է ոչ թե ընդդիմությանը, այլ՝ ի դեմս քաղաքական մեծամասնության՝ Հայաստանի քաղաքացուն:
 
Ըստ այդմ, կառավարության կամ անձամբ վարչապետի հրաժարականի պահանաջ իրավական առումով կարող է հարուցել կամ ՔՊ խմբակցությունը, որ Նիկոլ Փաշինյանին վստահել, վարչապետ է ընտրել եւ նրա կառավարության ծրագրին հավանություն տվել, կամ իշանության տեր՝ Հայաստանի ժողովուրդը: Երկրում նման իրավիճակ չկա։ խորհրդարանական մեծամասնությունը մնում է ոչ միայն կայուն, այլեւ անհողդողդ, իսկ ժողովուրդը փողոցային շարժմանը չի միանում։
 
Չափազանց խախուտ է անալոգիան, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես «փողոցով է եկել իշխանության։» Նիկոլ Փաշինյանին հաջողվել է տրոհել խորհրդարանի կայուն մեծամասնությունը, ձեւավորել նոր մեծամասնություն, որն էլ նրան ընտրել գործադիր իշխանության ղեկավար-վարչապետ, տվել կառավարություն ձեւավորելու եւ երկրի նախագահի հաստատմանը ներկայացնելու մանդատ, հաստատել ձեւավորված կառավարության գործունեության ծրագիրը։
 
ԱԺ ընտրություններից անցել է երեք տարի։ Դա բավարար ժամանակ է, որպեսզի ընդդիմությունը կարողանար ավելի հիմնավոր, պրագմատիկ, իրացնելի առաջարկություններով «մաշել» ԱԺ կայուն մեծամասնությունը, փորձեր փոխել ներքաղաքական ստատուս-քվոն, թուլացներ-փլուզեր վարչապետի քաղաքական հենարանը եւ հասունացեր նրա հրաժարականի լեգիտիմ իրավական պահանջ։ Փոխարենն ընդդիմությունը նախաձեռնել է մի քանի փողոցային շարժում, որ ներքին եւ արտաքին քննություն չեն բռնել, հանգամանք, որ թուլացնում է Հայաստանի պետական իմունիտետը։
 
Ընդդիմության ռադիկալացումը, որ արդեն հասել է փողոցային բախումների, իրավիճակի կարգավորումը տանում է դեպի իրավական դաշտ: Դա բոլոր առումներով անցանկալի է: Պետության, Հայաստանի ժողովրդի շահը պահանջում է, որ ընդդիմությունը վերադառնա այն կարգավիճակին, որ իր համար սահմանված է Ազգային ժողովի Կանոնակարգ սահմանադրական օրենքով: Ունենք այն, ինչ ունենք: Կառավարման ավելի ժողովրդավարական եւ ճկուն համակարգի մասին իշխանությունը եւ ընդդիմությունը, քաղաքական դաշտը եւ հանրային հատվածը կարող են պայմանավորվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը