Բելառուսը հանգիստ է գնահատում ՀՀ վարչապետի «իմպուլսիվ» հայտարարությունները. Շպակովսկի


Բելառուսը հանգիստ է գնահատում ՀՀ վարչապետի «իմպուլսիվ» հայտարարությունները. Շպակովսկի

  • 13-06-2024 13:05:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Բելառուսը հանգիստ է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարությունները» Մինսկի վերաբերյալ:
 
Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան նախարարի խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին։
 
«Մենք հանգիստ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները, մենք շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ նշել է նա։
 
Շպակովսկին ընդգծել է, որ Բելառուսը «չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքականության ոլորտին»։
 
«Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ մենք ակնկալում ենք նմանատիպ մոտեցումներ մեր գործընկերներից և դաշնակիցներից, ուստի որոշ տարակուսանքով հետևում էինք Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների շփումներին բելառուս քաղաքական ծայրահեղականների առաջնորդների հետ:
 
Միևնույն ժամանակ, գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան խնդիրն է, և այս դեպքում մեզ համար անընդունելի է «կամ-կամ»-ի մոտեցումը»,- նշել է դիվանագետը։
 
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ ՀՀ վարչապեը հայտարարեց, որ Բելառուս չի այցելի, քանի դեռ այնտեղ նախագահն Ալեքսանդ Լուկաշենկոն է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը