Ընդդիմության տրամաբանությունը հակապետական է, հակաինքնիշխանական և հակաժողովրդավարական. Նիկոլ Փաշինյան


Ընդդիմության տրամաբանությունը հակապետական է, հակաինքնիշխանական և հակաժողովրդավարական. Նիկոլ Փաշինյան

  • 13-06-2024 14:00:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Կառավարության հրաժարականի բոլոր հիմքերը նկարագրված են Սահմանադրության մեջ: Գրված է, թե որ դեպքում է երկրում կառավարություն փոխվում, և այդ հիմքերի մեջ բացակայում է այն, ինչ փորձում է հիմնավորել ընդդիմությունը: Այդ մասին Ազգային ժողովի հունիսի 13-ի նիստին՝ մինչ 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն անցնելը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով Մայր օրենքը:
 
«Նման դեպք չկա նկարագրված Սահմանադրության մեջ, ու սա տրամաբանական է, որովհետև եթե, օրինակ, Կառավարության ծրագրում գրված է Հայաստան-Բելառուս հարաբերությունների բարելավում, դա նշանակում է, որ եթե ընդդիմության տրամաբանությամբ առաջնորդվենք, Բելառուսը կարող է որոշել Հայաստանի կառավարության ճակատագիրը: Օրինակ՝ ասի, թե Հայաստանի Կառավարությունը դուրս չի գալիս, չբարելավեմ հարաբերությունները, այլ ընդհակառակը՝ վատացնեմ հարաբերությունները Հայաստանի հետ և դրանով հասնեմ կառավարության փոփոխության»,- ասաց նա:
 
Վարչապետի խոսքով՝ այն մեկնաբանությունը, որ անում է ընդդիմությունը, դա նշանակում է երկրի ինքնիշխանության, անկախության և կայունության խաթարում: Դա նշանակում է այս օրինակով որևէ օտար երկրի տալ գործուն՝ 100 տոկոսանոց լծակ, որ երբ ցանկանա, երկրում կառավարություն փոխի:
 
«Սա՞ է իրենց տրամաբանությունը: Չեմ զարմանում, որովհետև իրենց տրամաբանությունը հակապետական է, հակաինքնիշխանական է, հակաժողովրդավարական է»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով՝ Կառավարությունը նույնկերպ սկզբունքայնորեն գործել է ԼՂ-ի ինքնորոշման և կարգավիճակի հարցում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը