Առաջին անգամ իմ աչքով տեսել եմ, որ մենք ունենք սահման. Վահագն Խաչատուրյան


Առաջին անգամ իմ աչքով տեսել եմ, որ մենք ունենք սահման. Վահագն Խաչատուրյան

  • 13-06-2024 14:49:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ նախագահի խոսքով` ամենակարևորն այն է, որ սահմանամերձ շրջաններում ապրող մարդիկ զգում են իշխանության աջակցությունը։
 
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն օրերս տեսել է Տավուշի մարզի սահմանազատված հատվածն ու Գյումրիում լրագրողներին պատմել իր տպավորությունների մասին։
 
«Առաջին անգամ իմ աչքով տեսել եմ, որ մենք ունենք սահման` մեր ձեռքով կառուցված։ Այժմ փշալարեր են, հիմա մենք այն ավելի բարեկարգ կդարձնենք։ Այժմ մեր սահմանապահները կանգնած են, նրանց դիմաց` ավելի հեռու` հեռադիտակով տեսանելի հատվածում, կանգնած են ադրբեջանցի սահմանապահները։ Մեքենաներ են երթևեկում։ Անցել եմ գյուղերով և տեսել եմ, որ նոր, շրջանցող ճանապարհ են կառուցում, որպեսզի մեր քաղաքացիների համար անվտանգ լինի»,–ասաց նա։
 
Նախագահն ընդգծեց` ամենակարևորն այն է, որ մարդիկ զգում են իշխանության աջակցությունը և այն, որ իրենք մենակ չեն։
 
Խաչատուրյանը դիմեց երկրի ապագայով անհանգստացած քաղաքացիներին և նշեց, որ իշխանությունը անվտանգության մասով կիսում է այդ քաղաքացիների մտահոգությունը և ամեն օր աշխատում է այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ։
 
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
 
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
 
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
 
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը