Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը


Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

  • 14-06-2024 15:39:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի դեմ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում ի թիվս բազմաթիվ ցուցարարների տուժել են նաև 10-ից ավելի լրագրողներ և օպերատորներ, որոնք իրադարձությունների կիզակետում կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները։
 
Այսպես՝  լուսաձայնային նռնակների պայթյուններից և առաջացած հրմշտոցներից վնասվածքներ են ստացել «News.am» լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, «Armlur.am»-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանը, «ՍիվիլՆեթ»-ի օպերատոր Նարեկ Հայրյանը, «ABC media»-ի լրագրողներ Նանե Հայրապետյանն ու Աղվան Ասոյանը, օպերատորներ Էդիկ Մալաքյանն ու Արման Ղարիբյանը, «Mediahub.am»-ի թղթակից Նարե Գևորգյանը,  «AlphaNews»-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը։ 
 
Բախումների ընթացքում վնասվել կամ կորել է «Փաստինֆո» լրատվականի, PARA TV-ի, «Սպուտնիկ Արմենիա»-ի և այլ լրատվամիջոցների տեխնիկան՝ ուղիղ հեռարձակման սարքեր, տեսախցիկներ ու միկրոֆոններ։ 
 
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք ոստիկանության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, ոչ պրոֆեսիոնալ, չհաշվարկված գործողությունները, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների։ Մի շարք տեսագրություններում, ինչպես նաև «Ֆոտոլուր» լրատվական գործակալության լուսանկարում պարզորոշ երևում է, որ լուսաձայնային նռնակներ ուղղվել են նաև լրագրողների ու օպերատորների կողմ, որտեղ կուտակված էին լրատվամիջոցների տեսախցիկները։ Սա հիշեցնում է 2016 թվականի հուլիսին Երևանի Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանող լրագրողների թիրախավորումը և նրանց նկատմամբ չարդարացված ուժի կիրառումն ու հետապնդումները, ինչը վկայում է, որ ոստիկանության գործելաոճում գրեթե ոչինչ չի փոխվել, և լուրջ կասկածի տակ է դնում հռչակված բարեփոխումների մասին պնդումները։ 
 
Այս ֆոնին խորը մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ երկրի առաջին դեմքերն անվերապահորեն արդարացրել են ուժային կառույցների գործողությունները՝ նույնիսկ չսպասելով դրանց վերլուծությունների արդյունքներին, ինչը պարարտ հող է ստեղծում հետագայում նման գործողությունների կրկնման համար։
 
Վրդովմունք է առաջացնում նաև այն, որ նույն օրը, երբ Ազգային ժողովի նիստում՝ վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ, վիճաբանություն է սկսվել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև, անվտանգության ծառայության աշխատակիցները փորձել են ԱԺ-ի օթյակից բռնի ուժով դուրս հանել լրագրողներին՝ արգելելով նրանց կատարել մասնագիտական պարտականությունները՝ տեսանկարահանել ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցողը։ Այսպիսի անընդունելի գործելաոճ  խորհրդարանում դրսևորվել է նաև նախորդ տարիներին, և սա դարձել է արատավոր ավանդույթ։
Ելնելով վերոգրյալից՝ մենք պահանջում ենք․
 
իշխող քաղաքական ուժից՝ հանդես գալ հայտարարությամբ և հայցել ներողամտություն հունիսի 12-ի իրադարձությունների ընթացքում տուժած բոլոր լրագրողներից ու լրատվամիջոցներից, փոխհատուցել նրանց վնասները և միջոցներ ձեռնարկել ճգնաժամային իրավիճակներում նրանց անվտանգ գործունեությունն ապահովելու համար,
Ներքին գործերի նախարարությունից՝ ծառայողական քննություն իրականացնել և վերլուծել ոստիկանության գործողությունների օրինականությունն ու համաչափությունը, բացահայտել խախտումները, հրապարակայնորեն ընդունել դրանք և պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին։ 
Մենք մեր համերաշխությունն ու սատարումն ենք հայտնում ցավալի իրադարձություններում տուժած բոլոր լրագրողներին ու օպերատորներին, մաղթում շուտափույթ ապաքինում և տոկունություն։
 
 
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
 
 
Երևանի մամուլի ակումբ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն