Մեր խնդիրն է օգնել, որպեսզի ջրհեղեղից տուժած բնակիչները հնարավորինս արագ իրենց բնակարանները վերադառնան, հաջորդը՝մեքենաների հետ կապված խնդիրն է․ վարչապետ


Մեր խնդիրն է օգնել, որպեսզի ջրհեղեղից տուժած բնակիչները հնարավորինս արագ իրենց բնակարանները վերադառնան, հաջորդը՝մեքենաների հետ կապված խնդիրն է․ վարչապետ

  • 14-06-2024 16:00:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
 factor.am. Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է աղետի գոտում՝ հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին և նշել. «Մեր խնդիրն է առաջին փուլով նախ օգնել, որպեսզի ջրհեղեղից տուժած այն բնակիչները, որոնք տարհանվել են, հնարավորինս արագ իրենց բնակարանները վերադառնան: Մենք նրանց պետք է աջակցենք բնակարանների վերանորոգման և նվազագույն կահավորման հարցում: Երկրորդ՝ պետք է տնտեսվարողներին օգնենք, աջակցենք: Այստեղ էլ խոսել ենք, որ տնտեսվարողներին աջակցելու համար մեր ուղենիշներից մեկն առնվազն լինելու են այն ապրանքային մնացորդները և այն շրջանառությունը, որը մենք տեսնում ենք պետական եկամուտների կոմիտեի համակարգերով: Հաջորդը, որ կրկին հրատապ է, մեքենաների հետ կապված խնդիրն է, որը մենք պետք է փորձենք լուծել»:
 
Անդրադառնալով աղետի գոտում ենթակառուցվածքների, մասնավորապես՝ կամուրջների վերականգնմանը, վարչապետն ընդգծել է, որ այս փուլում դրանց կտրվի ժամանակավոր լուծում: Իսկ երկարաժամկետ առումով՝ վնասված բոլոր կամուրջները պետք է վերականգնվեն և՛ ինժեներական, և՛ գեղագիտական լուծումներ առաջարկող նախագծերով: Արդյունքում՝ դրանք կլինեն ոչ միայն տրանսպորտային ամուր ենթակառուցվածքներ, այլև տեսարժան վայրեր, ինչն էլ կնպաստի տվյալ տարածքներում զբոսաշրջության զարգացմանը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ տեղեկացրել է, որ աղետի գոտում աշխատանքները խմբավորել են երկու ուղղությամբ։ Առաջինը՝ ֆիզիկական անձանց կամ տնային տնտեսությունների կորուստները չափագրելու և նրանց աջակցություն ցուցաբերելու ուղղությունն է, իսկ երկրորդը՝ իրավաբանական անձանց: Ըստ փոխվարչապետի՝ իրավաբանական անձանց հետ կապված խնդիրների արագ լուծումը կախված կլինի նրանից, թե որքան թափանցիկ են վերջիններս եղել հարկային հարաբերությունների հարցում: Անդրադառնալով գրանցում ունեցող և ինքնակամ կառույցներին՝ Տիգրան Խաչատրյանը նշել է. «Եկել ենք նախնական եզրակացության, որ մեր մոտեցումը պետք է լինի տարբերակված: Մեր աջակցության հիմքում առաջին հերթին պետք է լինեն այն սուբյեկտները, որոնք օրինական, գրանցված իրավունքներ են ունեցել այդ կառույցների նկատմամբ, հետևողական են եղել օրենքի պահանջները կատարելու հարցում»:
 
Փոխվարչապետը հայտնել է, որ հաջորդ շաբաթ աղետի գոտի կգործուղվեն աշխատանքային խմբեր․ «Կան իրավաբանական շուրջ 100 անձինք, որոնք տարբեր աստիճանի վնասներ են կրել: Բայց, իհարկե, գործունեության տեսակներն էլ են առանձնահատուկ: Եվ ելակետային տվյալները, որոնք պետք է հստակեցվեն, որոշակի ազդեցություն կունենան մեր որոշումների վրա: Ունենք 250 տնային տնտեսությունների վերաբերյալ տվյալներ, որոնք իրենք իրենց անձնական գույքային վնասներն են արձանագրել: Իհարկե, համայնքային և մարզային հանձնաժողովները բավականաչափ լրացված տվյալներ փոխանցել են մեզ, սակայն առկա է որոշակի լրացման կարիք»։ Տիգրան Խաչատրյանը նշել է նաև, որ օբյեկտիվ պատճառներով մարդիկ չեն վերադարձել իրենց բնակարաններ և ոչ միշտ են այնտեղ, որ անհրաժեշտ չափագրման աշխատանքները հնարավոր լինեն:
 
Բացի այդ, դեռ ամբողջությամբ չեն չորացել այդ տարածքները և որոշակի շենքերի վերջնական վիճակի վերաբերյալ հնարավոր չէ արագ գնահատելու եզրակացության տալ: Փոխվարչապետը շեշտել է, որ բոլոր այդ ուղղություններով աշխատանքներ տարվում են և հաջորդ շաբաթվա ավարտին նախնական որոշակի պատկեր կլինի: Արձագանքելով՝ վարչապետն ընդգծել է բոլոր խնդիրներին արագ արձագանքելու կարևորությունը. «Դա կարևոր է և՛ մեզ համար, և՛ մարդկանց, և գործընթացի, որ ժամանակ չկորցնենք: Իհարկե, պարզ է նաև, որ ցանկացած աշխատանք որոշակի ժամանակ է պահանջելու, բայց պետք է հնարավորինս արագ լուծումներ տանք: Պետք է բանաձևեր դնենք և գնանք այդ բանաձևերով մարդկանց աջակցելու ճանապարհով»:
 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ նշել է, որ հեղեղումների հետևանքով Լոռիում վնասված երկաթուղու վերականգնման աշխատանքները բավականին լավ տեմպով առաջ են գնում, հնարավոր է՝ շահագործումը հնարավոր լինի նախատեսվածից ավելի շուտ: «Հունիսի 5-ից երկաթուղին աշխատում էր մինչև Այրում կայարան, բայց առաջիկա օրերին արդեն նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի ամբողջությամբ օգտագործենք՝ որոշ սահմանափակումներով»,- ասել է նախարարը: Գնել Սանոսյանը նշել է, որ տարբեր երկրների գործընկերների հետ աշխատում են վնասված և փլուզված կամուրջների վերականգնման ուղղությամբ. «Ունենք գործուղված գործընկերներ, որոնք հիմա դիտարկում են որոշ կամուրջներ, նաև տեղում առկա հնարավորություններն ենք դիտարկում,: Հիմա մեզ համար հատկապես չափազանց կարևոր է Ախթալայում գտնել տարբերակ, որ բեռնատարները նույնպես անցնեն: Ժամանակավոր կամուրջը հիմա մարդատար ու միջին ծանրության մեքենաների համար է ծառայում:
 
Երեկ որոշակի քննարկում ենք ունեցել, թե ինչպես անենք, որ բոլոր տեսակի մեքենաներն անցնեն, որ հանքավայրի հետ կապված աշխատանքներն ամբողջությամբ բնականոն հունի մեջ մտնեն»: Նախարարը տեղեկացրել է, որ Հոբարձի կամրջի հետ կապված ժամանակավոր լուծում է նախատեսվել. հունիսի 15-ից կմեկնարկեն աշխատանքներն այս ուղղությամբ, ժամանակավոր լուծում կտրվի նաև Խաշթառակի կամրջի հետ կապված խնդրին: Նշվել է նաև, որ աղետի գոտում գազամատակարարումը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը մոտ 98-99 տոկոսով վերականգնված են, որոշ տեղերում միացված չեն՝ տեխնիկական կամ անվտանգային հարցերով պայմանավորված։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը