Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային


Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային

  • 18-06-2024 15:03:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է  ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային: 
 
Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումն ու բազմաոլորտ համագործակցության խորացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պարոն Վերմայի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զորեղացմանը միտված ծրագրերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մակարդակում հարաբերությունների ընդլայնմանը: 
 
Ռիչարդ Վերման շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղական մարմինների և համայնքների միջև, ինչպես նաև տնտեսության, կրթության և այլ ոլորտներում: 
 
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: 
 
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, վերջերս Կառավարության կողմից հաստատված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման շուրջ: Վերջինիս առնչությամբ վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը:    
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն