Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի 2024 թ․ երկրորդ և երրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 600 մլն դրամով


Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի 2024 թ․ երկրորդ և երրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 600 մլն դրամով

  • 20-06-2024 16:00:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի 2024 թ․ երկրորդ և երրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 600 մլն դրամով․ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։
Միջոցառման շրջանակում 2024 թվականին աջակցություն է ստացել 888 շահառու։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել երեխա ունեցող շուրջ 10 հազար ընտանիք․ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են շուրջ 7 մլրդ դրամ։
 
Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին՝
•   առաջին բաղադրիչի շրջանակում՝ տրվում է միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով,
•         երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։
 
Ծրագրի առաջին բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է՝
•         ունենալ առնվազն 2 անչափահաս երեխա,
•         հիփոթեքային վարկը տրամադրված լինի 2024 թվականի հունվարի 1-ից հետո,
•         տան արժեքը չգերազանցի 35 մլն դրամը,
•         ընտանիքը չունենա այլ բնակելի անշարժ գույք։  
Աջակցության չափը՝
•         երկու երեխայի դեպքում մինչև 1 մլն դրամ է,
•         երեք երեխայի դեպքում՝ մինչև 1,5 մլն դրամ,
•         չորս և ավելի երեխաների դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։
Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող որևէ բանկ։
 
Երկրորդ բաղադրիչի շրջանակում հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ 
 
Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է՝
 
•         դիմել մինչև երեխայի մեկ տարին լրանալը,
•         ունենալ առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը,
•         տան արժեքը չգերազանցի 35 մլն դրամը,
•         ընտանիքը չունենա այլ բնակելի անշարժ գույք։
 
Աջակցության չափը՝
 
•         ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդով պայմանավորված կազմում է մինչև 500 հազար դրամ,
•         երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։
 
Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։
 
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։
 
 
ՀՀ ԱՍՀՆ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն