ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարարի և Բունդեսթագի փոխնախագահի հետ


ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարարի և Բունդեսթագի փոխնախագահի հետ

  • 21-06-2024 15:51:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Գերմանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարար Բեթինա Շթարկ-Վատցինգերի և Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի հետ:
 
ՀՀ պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
 
Հանդիպումների առանցքում եղել են կրթության և գիտության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության նոր հեռանկարները և զարգացման հարցերը:
 
ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարար Բեթինա Շթարկ-Վատցինգերի հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել է առաջիկայում  Երևանում կայանալիք Հայաստան-Գերմանիա «Գիտության օր» միջոցառման անցկացումը, որի շրջանակում նաև գերմանական մեծ պատվիրակության ժամանում է ակնկալվում:
 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել արդեն իսկ առկա արդյունավետ համագործակցությունը՝ շեշտելով համատեղ աշխատանքի ակտիվացումը երիտասարդներին ուղղված ծրագրերում:
 
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կայուն և երկարամյա համագործակցություն է ձևավորվել, մասնավորապես, Սաքսոնիա-Անհալթի երկրամասի հետ, սակայն Հայաստանի համար կարևոր է համագործակցության ընդլայնումն այլ երկրամասերի հետ նույնպես՝  ընդգրկելով տարբեր ուղղություններ:
 
Ներկայացնելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև կրթության կարևորությանը խաղաղության արժեքների տարածման հարցում:
 
«Կրթական համակարգերը պետք է լավագույնս նպաստեն տարածաշրջանում երկարաժամկետ կայունությանն ու խաղաղությանը՝ չգեներացնելով հավելյալ թշնամանք: Խաղաղությանը միտված կրթությունը պետք է ընդհանուր մոտեցում լինի տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
 
Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի հետ հանդիպմանը կարևորվել է հայ-գերմանական համագործակցության բարձր մակարդակը: Փոխնախագահը հետաքրքրվել է կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերով: 
 
Նախարար ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստան-Գերմանիա համագործակցության հիմնական ուղղությունները և  համատեղ աշխատանքները: 
 
Հանդիպմանը ներկա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն իր հերթին ներկայացրել է երկու երկրների խորհրդարանների միջև առկա համագործակցությունը և հնարավոր նոր նախաձեռնությունները:
 
Այդ համատեքստում կողմերը կարևորել են միջխորհրդարանական կապերի զարգացումը, մասնավորապես, խորհրդարանների ակտիվ աջակցությունը գործադիր իշխանության  աշխատանքների կազմակերպմանը և երկկողմ համագործակցության զարգացմանը:
 
 
ՀՀ ԿԳՄՍՆ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն