Յոթ իրավապաշտպան խմբերի փաստահավաք զեկույցը հաստատում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը
02-07-2024 10:53:42 | | Քաղաքական
Վաշինգտոն – Ս.թ. հունիս ամսվա սկզբին Freedom House-ի կողմից համատեղ հրապարակված «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով փաստահավաք զեկույցում եզրակացվեց, որ «Ադրբեջանի փաստագրված գործողությունները համապատասխանում են էթնիկ զտումների չափանիշներին՝ դա իրականացնելով արտադատական մահապատիժների, խոշտանգումների, կամայական ձերբակալությունների և կալանավորման, սննդի և կյանք փրկող դեղամիջոցների հասանելիության սահմանափակումների, քաղաքացիական բնակչության բռնի հեռացման, տեղահանման և արտաքսման, խաղաղ բնակչության և քաղաքացիական տարածքների վրա կանխամտածված ռազմական հարձակումների կամ հարձակումների սպառնալիքների միջոցով, և ունեցվածքի անտեղի ոչնչացման միջոցով»,– հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
Freedom House-ին զեկույցի պատրաստման հարցում միացել էին հետևյալ կառույցները. «Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների», «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, «Իրավունքի մշակման և պաշտպանության հիմնադրամ» և Truth Hounds:
«Այս միջազգային փաստահավաք ջանքերը ոչ միայն ներկայացնում են հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպան արշավը, այլ նաև ընդգծում են հաշվետվողականության խիստ կարևոր անհրաժեշտությունը, ինչպես նաև վերադարձի հիմնարար իրավունքը»,– հայտարարեց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։
Զեկույցը բացահայտեց Ադրբեջանի կողմից «ահաբեկումներ և հարձակումներ», Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա «շրջափակում» և դրան հետևած հումանիտար ճգնաժամ, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղից հայկական համայնքների, մշակույթի և ժառանգության ապացույցների ոչնչացում»:
Բացի այդ, Զեկույցում ընդգծվում է, որ «փաստահավաք առաքելությունը պարզել է, որ բավարար ապացույցներ կան եզրակացնելու, որ այս գործողությունները, ինչպես նաև սույն ամփոփագրում նշված այլ քայլեր նույնպես հանցագործություն են՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածը (մարդկության դեմ հանցագործություններ) և 8-րդ հոդվածը (ռազմական հանցագործություններ) և համահունչ են տեղահանման կամ բնակչության բռնի տեղափոխման սահմանմանը»:
Ավելին, հաշվի առնելով նրանց բացահայտումները և քրեական հետապնդման բացակայությունը, Զեկույցում ընդգծվում է «միջազգային իրավական վերահսկողության և հաշվետվողականության հրատապ անհրաժեշտությունը՝ Միջազգային քրեական դատարանին ուղղորդելու առաջարկությամբ՝ ապահովելու մանրակրկիտ հետաքննություն և հնարավոր քրեական հետապնդում այս սարսափելի արարքների համար պոտենցիալ պատասխանատուների նկատմամբ»: