Վարչապետ Փաշինյանն ընդունել է Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը


Վարչապետ Փաշինյանն ընդունել է Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը

  • 10-07-2024 15:32:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը: 
 
Վարչապետը ողջունել է տիկին Փաուերի այցը և ընդգծել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում տարբեր ոլորտներում համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլերը բարեփոխումների ուղղությամբ: 
 
Սամանթա Փաուերը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը կարևորում է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է հետևողականորեն աջակցություն ցուցաբերելու ՀՀ Կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման, զարգացման, ինչպես նաև Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ: 
 
Զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել համատեղ նոր ծրագրերի հեռանկարների շուրջ: Կարևորվել է Հայաստանի Կառավարության բարեփոխումների օրակարգի և ինստիտուցիոնալ կարողությունների, այդ թվում՝ ռազմավարական հաղորդակցության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքը, փոխգործակցության առավել ընդլայնումը և խթանումը: Նշվել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն 5 մլն դոլար նոր ֆինանսավորում է տրամադրելու՝ աջակցելու «Ամազոն վեբ սերվիսի» և Կառավարության համագործակցությանը՝ Հայաստանում ամպային ենթակառուցվածքների ներդրման ու կարողությունների զարգացման նպատակով:
 
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին, այդ թվում՝ բնակարանային ապահովման ծրագրին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության շարունակական աջակցության կարևորությունը և ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ  բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: 
 
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցերի: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը