ԵՄ-ում հայտնել են, որ Օրբանի այցը Ռուսաստան խախտում է ԵՄ պայմանագրերը. FT


ԵՄ-ում հայտնել են, որ Օրբանի այցը Ռուսաստան խախտում է ԵՄ պայմանագրերը. FT

  • 11-07-2024 12:12:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ըստ Եվրամիության իրավաբանական վարչության, խախտել են ԵՄ պայմանագրերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Financial Times պարբերականը։
 
Անցյալ շաբաթ Օրբանի այցը Մոսկվա՝ ուղղված Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններին, լուրջ քննադատության է արժանացել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից, որոնք անմիջապես հայտարարել են, որ Օրբանը չի ներկայացրել իրենց դիրքորոշումը ՌԴ նախագահի հետ բանակցություններում։
 
Ըստ խնդրին ծանոթ երեք անձանց՝ ԵՄ իրավաբանական վարչությունը հուլիսի 10-ին անդամ երկրներին հայտնել է, որ Օրբանի գործողությունները խախտել են կառույցի պայմանագրերը, որոնք արգելում են ցանկացած «միջոց, որը կարող է վտանգել Միության նպատակների իրագործումը»։ 
 
Հունգարիան 6 ամսով ստանձնել է ԵՄ նախարարների խորհրդի նախագահությունը։ Ըստ մի շարք քաղաքական գործիչների՝ Օրբանն այս կարգավիճակը «չարաշահել է, որպեսզի Պուտինի հետ իր հանդիպմանն ավելի մեծ կշիռ տա»։
 
Օրբանն ուղղակի բանակցություններ է վարել Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու շուրջ, ինչն, ըստ հրապարակման, խախտում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի այն քաղաքականությունը, որ առանց Ուկրաինայի աջակցության նման քննարկումներ չեն կարող տարվել։ 
 
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 10-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ասել է, որ ցանկացած առաջնորդ, որ այցելում է Ռուսաստան կամ Չինաստան, պետք է հստակ հայտնի ՆԱՏՕ-ի դիրքորոշումները, որ ռազմական դաշինքը «ոչ մի տեղ չի գնում, Ուկրաինան ոչ մի տեղ չի գնում, Եվրամիությունը ոչ մի տեղ չի գնում»։ 
 
Ըստ պարբերականի աղբյուրների՝ ԵՄ բազմաթիվ անդամ երկրներ քննարկել են Հունգարիայում կայանալիք ոչ պաշտոնական նախարարական հանդիպումը բոյկոտելու հարցը, որոշ պաշտոնյաներ էլ, ըստ աղբյուրների, մասնավոր զրույցներում քննարկել են Հունգարիային ԵՄ նախարարների խորհրդի ռոտացիոն նախագահությունից զրկելու հարցը։
 
Հուլիսի 5-ին Օրբանն այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները և խաղաղ բանակցությունների մեկնարկը։ Ավելի ուշ վարչապետն այցելել էր Պեկին, որտեղ հանդիպել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Ռուսաստան այցից առաջ Օրբանը հուլիսի 2-ին Կիևում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը քննարկել էր այդ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը