«Հայոց պատմություն» առարկան դպրոցներում այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ


«Հայոց պատմություն» առարկան դպրոցներում այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ

  • 11-07-2024 12:24:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Կառավարությունը հաստատեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու որոշումը։
 
Որոշման նախագիծը ներկայացնելիս ՀՀ ԿԳՄՍ նախարարը պարզաբանեց՝ «Հայոց պատմության» առարկայի անվանումը խնդրահարույց է թվում, քանի որ Հայք բառը գրաբարից թարգմանվում է Հայաստան, հայեր, բայց իրավական պետության պատմության ներկայացման դասավանդման գործընթացում լիարժեք չի փոխանցում պետության գաղափարը։
 
«Ուստի առաջարկում ենք պատմության ուսուցումը իրականացնել «Հայաստանի պատմության» անվան ներքո»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց Ժաննա Անդրեասյանը։
 
Ըստ նրա՝ անվանումը պետք է միտված լինի ՀՀ դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը․ «Այդ իմաստով կկարողանանք սովորողների համար ավելի տեսանելի ու համակարգային ներկայացնել պատմությունն ու ըմբռնելի դարձնել պետականության գաղափարը։ Սովորողը կտեսնի պատմության ու պետության կապը՝ այդպես պետությանն ընկալելով որպես պատմական դրվագների ու գործընթացների արդյունք»։
 
Նախարարը շեշտեց, որ որոշման համար ուսումնասիրել են տարբեր երկրների ու տարածաշրջանային փորձերը:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով նկատեց, որ ռազմավարության հիմքում դրված է պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը։
 
«Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է ու մշակույթ, բոլորովին ուրիշ հայեցակետ է, և պետք է ուժ ունենանք՝ խոստովանելու, որ այդ մտածողությունը միշտ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ․ «Ո՞րն է տարբերությունը Հայոց պատմության և Հայաստանի պատմության․ Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ Հայոց պատմությունը պետության չգոյությունն է՝ պետության գոյության դրվագներով։ Սա կարևոր հայեցակարգային տրամաբանություն է»։
 
Ըստ վարչապետի՝ էմոցիաների ժողովրդից պետք է ապահովվի տրանսֆորմացիան դեպի պետական ժողովուրդ։
 
Անդրեասյանն էլ իր հերթին անդրադարձավ անվանափոխության նկատմամբ հնչած քննադատություններին․ «Որոշ շրջանակների մոտ տպավորություն կա, որ առարկան վերանվանելով՝ որևէ բան դուրս ենք թողնելու, ու երեխաները չեն ուսումնասիրելու մեր պատմության ինչ-որ դրվագներ. բովանդակության կտորների դուրս թողման պնդումները կապ չունեն իրականության հետ»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը