Սահմանազատման արդյունքում վերջ կդրվի տասնամյակներ շարունակվող վեճին. Ալեն Սիմոնյան


Սահմանազատման արդյունքում վերջ կդրվի տասնամյակներ շարունակվող վեճին. Ալեն Սիմոնյան

  • 11-07-2024 13:45:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ԱԺ նախագահը վստահեցրեց, որ ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևէ հարևան երկրի չի տրվել։
 
ՀՀ իշխանությունը հույս ունի, որ սահմանազատման արդյունքում վերջ կդրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակվող վեճին, որի հետևանքով երկու մեծ պատերազմ է եղել։ Խորհրդարանում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
 
Նա որոշեց արտահերթ ելույթով հանդես գալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթից հետո, երբ վերջինս պահանջեց, որ Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը կոնկրետ ասի, թե ՀՀ տարածքից քանի քառակուսի մետր կամ քառակուսի կիլոմետր է տրվել Ադրբեջանին։
 
«Կադաստրի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դառած խոսակցության մեջ, որ «սաղ տվեցին, իշխանությունը ամեն ինչ տվեց», ես համարում եմ անտեղի։ Հասցեատերն ինքը չէ, և դուք այն, ինչ ասում եք, քաղաքական հարց է։ 1 մլն 347 անգամ պատասխանը հնչել է`ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևէ հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել տալ, չի քննարկվել ու չի կարող քննարկվել»,– ասաց Սիմոնյանը։
 
Խաչատրյանը հիշեցեց, որ քաղաքացիները թե՛ Կիրանցում, թե՛ Շուռնուխում ունեցել են սեփականության վկայական, որտեղ հստակ նշվում է, որ իրենց տունը Հայաստանի Հանրապետության տարածք է։
 
«Հիմա դուք ասում եք` էտ քարտեզը սխալ է։ Կա կադաստրային քարտեզների ուղղման կարգ, ուղղեիք, նոր թուղթ տայիք, ասեիք` սա է իրավիճակը։ Զարմանում եմ , որ բոլոր սխալները ի վնաս մեզ են լինում, չկա մի սխալ, որ հօգուտ մեզ լինի»,– ասաց պատգամավորը։
 
Ալեն Սիմոնյանն արձագանքեց` ո՞վ ասաց` չի եղել, բայց թե ինչի մասին է խոսքը, չմանրամասնեց։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը