Քննարկվել է Հայաստանում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացման հնարավորությունը


Քննարկվել է Հայաստանում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացման հնարավորությունը

  • 11-07-2024 13:52:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է RCS Sports and Events DMCC ընկերության գործադիր տնօրեն Միշել Նապոլիի գլխավորած պատվիրակությանը: Միջազգային կազմակերպությունը մասնագիտացած է խոշոր մարզական միջոցառումների՝ այդ թվում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարերի կազմակերպմամբ:
 
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
 
Քննարկվել են Հայաստանում հեծանվասպորտի միջազգային խոշոր մրցաշարի կազմակերպման հնարավորությանը վերաբերող հարցեր: ԿԳՄՍ նախարարը կարևորել է հեղինակավոր մրցաշարի կազմակերպիչների փորձն ու շնորհակալություն հայտնել համագործակցության պատրաստակամության համար: 
 
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ առողջ ապրելակերպի խթանումն ու մասսայական սպորտի զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են: Այս նպատակով տարբեր մարզաձևերից անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի շարք, այդ թվում՝ խճուղային հեծանվավազքից, որն այս տարվանից կանցկացվի դպրոցականների համար: 
 
Միշել Նապոլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարերը սպորտային միջոցառումներ լինելուց բացի, նաև նպաստում են երկրի հանրահռչակմանը, զբոսաշրջության զարգացմանը՝ ներգրավելով մեծ թվով մասնակիցների և հյուրերի ամբողջ աշխարհից: Միշել Նապոլիի խոսքով՝ նմանօրինակ մրցաշարերը հայտնի են իրենց բարդ երթուղիներով, գեղատեսիլ, բայց դժվար ճանապարհներով, որոնք հաճախ ներառում են նաև լեռնային բարձունքներ: Միշել Նապոլին նշել է՝ հեծանվային միջազգային համայնքում նմանօրինակ մրցաշարերը մեծ հետաքրքրություն են առաջացնում:
 
Բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարը, ըստ նախնական դիտարկումների, կընդգրկի ՀՀ բոլոր մարզերը՝ ավելի քան 130 կմ մրցատարածությամբ: Նախատեսվում է, որ Հայաստանում բազմօրյա մրցաշարը կանցկացվի 2026 թվականին, իսկ մինչ այդ՝ 2025 թվականին, կողմերը կքննարկեն մեկօրյա ձևաչափով միջազգային մրցաշարի անցկացման հնարավորությունը:
 
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն