Զորացրված զինծառայողներ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել, նախնական տվյալներով՝ կա երկու զոհ


Զորացրված զինծառայողներ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել, նախնական տվյալներով՝ կա երկու զոհ

  • 11-07-2024 14:21:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզի Գորայքի հատվածում վթարի է ենթարկվել։
 
Նախնական տվյալներով՝ կա 2 զոհ ու վիրավորներ, «Ազատության»-ը հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
 
Նրա փոխանցմամբ, 3 վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց։
 
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 11-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենայի վթարի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։
 
Նախնական տվյալներով, ըստ Քննչականի, զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևանի ուղղությամբ, մահացածներից մեկը հենց մեքենայի վարորդն է, մյուսը՝ ուղևորներից մեկը։
 
Նախնական տվյալներով՝ բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։
 
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։
 
«Քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ», - ֆեյսբուքում գրել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը