Հույս ունենամ՝ վերջ կդնենք տասնամյակներ շարունակվող վեճին, որը բերեց 2 մեծ արհավիրք, պատերազմ. Ալեն Սիմոնյան


Հույս ունենամ՝ վերջ կդնենք տասնամյակներ շարունակվող վեճին, որը բերեց 2 մեծ արհավիրք, պատերազմ. Ալեն Սիմոնյան

  • 11-07-2024 14:34:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Թուրքին որևէ տարածք չի տրվել: Ամրացվել է ՀՀ պետական սահմանը, որի ընթացքում պարզ է դարձել, որ իրավունքի պետական գրանցումը կատարվել է թերի իրավահաստատող փաստաթղթերի հիման վրա: Թերի իրավահաստատող փաստաթղթերը համայնքի ղեկավարի որոշումներն են և կադաստրային քարտեզը: Թե համայնքի ղեկավարի որոշումն ինչ թերություններ է պարունակել, կարծում եմ՝ դրան իրավական համակարգը գնահատական կտա: Այդ մասին Ազգային ժողողի՝ հուլիսի 11-ի նիստին հայտարարեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե քաղաքացուն Կիրանցի տարածքում և Շուռնուխում սեփականության վկայական է տրվել, ասվել է՝ հողը, որի վրա տուն է կառուցում, իրենն է, ՀՀ-ինն է, բայց հիմա Կադաստրի կոմիտեն ասում է՝ վկայականը տրվել է սխալի հետևանքով:
 
Ընդդիմադիր պատգամավորի դիտարկումներին արձագանքեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ևս մեկ անգամ հայտարարելով, որ ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել, չի քննարկվել, չի քննարկվում և չի կարող քննարկվել: «Ձեր նշած տարածքում (բազմիցս դրա մասին խոսվել է) 1 տուն, 1 կրպակ, 1 խորդանոց (եթե չեմ սխալվում՝ այսքանը) և կարող է՝ ևս 1 կիսակառույց շինություն կա, որի հետ կապված՝ բնակիչներին հատուցվել է, և բնակիչների հետ համաձայնության է եկել Կառավարությունը»:
 
Ալեն Սիմոնյանը նաև խնդրեց պատգամավորին՝ նման քաղաքական խոսույթ չբերել քաղաքական դաշտ, քանի որ, նախ, մեկ անգամ փորձել են, չի ստացվել, երկրորդ՝ բնակչությանը փոխհատուցվել է, երրորդ՝ արդեն հին պատմություն է:
 
«Հույս ունենամ, որ մենք կկարողանանք հարևան պետության հետ այն սկզբունքով, որով հարևան պետության հետ մենք սահմանազատման պրոցեսի մեջ ենք մտել, վերջնականացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության քարտեզը՝ ըստ Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքների, այն է՝ ինչով մենք անկախացել ենք, ինչ քարտեզներով, ինչ սահմաններով մենք անկախացել ենք, և վերջ կդնենք (հույս ունենամ՝ կստացվի) տարիներ շարունակվող, տասնամյակներ շարունակվող վեճին, որը բերեց երկու մեծ արհավիրք, պատերազմ»,- ասաց նա:
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը