Ադրբեջանի լրտեսին բարձր պաշտոնի նշանակել են ԼՂ նախկին պաշտոնյաները՝ իրականացնելով Ղարաբաղը «խուրդելու» պլանը. Չախոյան
12-07-2024 13:39:10 | Հայաստան | Քաղաքական
armtimes.com ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի լրտեսին (- խմբ. նկատի ունի Սարգիս Գալստանյանին) բարձր պաշտոնի նշանակել են Ղարաբաղի նախկին պաշտոնյաները, որոնք բռնի տեղահանումից առաջ հեղաշրջում են սարքել, իսկ հետո դրանցից մեկը (-խմբ. նկատի ունի Սամվել Շահրամանյանին) ստորագրել է ԼՂ լուծարման փաստաթուղթը՝ իրականացնելով Ղարաբաղը «խուրդելու» պլանը։
«Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մինչև վերջ Ղարաբաղում մնացող, Ղարաբաղի համար պայքարող ու անձնազոհության պատրաստ ԼՂ նախկին պաշտոնյաների մասին։
Նույն ազգափրկիչները հիմա առիթը բաց չեն թողնում վարչապետին Ղարաբաղի հարցում մեղադրելու համար, բայց փաստերն ու դեպքերի ժամանակագրությունը շատ ավելի խոսուն են»,- գրել է նա:
Քննչական կոմիտեն հայտնել է, որ ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սարգիս Գալստյանը, 2018-2023թթ. ԼՂ-ում զբաղեցնելով տարբեր, մասնավորապես՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ապա՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները և տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության և բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ։ Վերջինիս կողմից ստանալով լրտեսություն կատարելու հանձնարարություն՝ Սարգիս Գալստյանը համաձայնել է դրան՝ այդ կերպ հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի կողմից, որից հետո ստացել է «Սարխան» ծածկանունը։
Հիշեցնենք՝ ԼՂ-ից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը 2024 թվականի ապրիլին լրտեսության մեղադրանքով կալանավորվել է։