Ակնկալում ենք, որ Երևանը կվերսկսի լիարժեքորեն մասնակցել ՀԱՊԿ գործունեությանը. Զախարովա
04-09-2024 13:23:41 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. «Ռուսաստանն ակնկալում է, որ Երևանը կվերսկսի լիարժեքորեն մասնակցել ՀԱՊԿ գործունեությանը», - այսօր Վլադիվոստոկում՝ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ակնկալում ենք, որ Հայաստանի և ողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերությունը Հայաստանի հետ ամբողջությամբ կվերսկսվի»,-նշել է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ «Երևանը դե յուրե շարունակում է դաշինքի լիիրավ անդամ մնալ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները»։
«Այժմ, սակայն, Հայաստանի ղեկավարությունը այդ համագործակցությունից հեռանալու քաղաքականություն է որդեգրել։ Դա, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին», - պնդում է Մարիա Զախարովան։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։