ԱՄՆ Պետդեպը՝ Մոնղոլիայի կողմից Պուտինին չկալանավորելու մասին


ԱՄՆ Պետդեպը՝ Մոնղոլիայի կողմից Պուտինին չկալանավորելու մասին

  • 04-09-2024 14:10:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
factor.am. ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում անդրադարձել է Մոնդոլիայի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չկալանավորելուն, որի օրդերն ավելի վաղ տվել էր Միջազգային քրեական դատարանը։ «Ինչպես ասել ենք՝ մենք չենք կարծում, որ որևէ երկիր պետք է Պուտինին հարթակ տա՝ Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ պատերազմը խթանելու համար։
 
Մենք ակնկալում ենք, որ Մոնղոլիան հավատարիմ կմնա ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, ներառյալ՝ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և կհայտարարի, որ այդ սկզբունքները պետք է պահպանվեն ամբողջ աշխարհում»,- ասել է Միլլերը։ Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ հասկանում են Մոնղոլիայի բարդ աշխարհագրական դիրքը, որը շատ ավելի փոքր երկիր է երկու հարևանների միջև։
 
«Մենք ցանկանում ենք շարունակել աջակցել Մոնղոլիային, բայց մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք պահպանեն իրենց միջազգային պարտավորությունները: Եվ կարևոր է, որ եթե նրանք շփվում են Ռուսաստանի հետ, հստակ ասեն, որ պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը։ Հավելենք, որ չնայած ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության անդամ լինելուն՝ Մոնղոլիան հրաժարվել էր կատարել Պուտինի  կալանավորման հրամանը, որն այցով գտնվում էր երկրում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը