ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի և Եվրամիության միջև քննարկվելիք հարց է. Խանդանյան


ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի և Եվրամիության միջև քննարկվելիք հարց է. Խանդանյան

  • 04-09-2024 15:11:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի և Եվրամիության միջև քննարկվելիք հարց է:
 
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ ի պատասխան Բաքվի հայտարարության:
 
«ԵՄ դիտորդները տեղակայված են ՀՀ տարածքում և մոնիթորինգ են իրականացնում սահմանի հայաստանյան կողմից, ուստի հայաստանյան կողմը պետք է որոշի՝ երբ, ինչքան ժամկետով, ինչ անձնակազմով պետք է ներկա լինեն ԵՄ դիտորդները։
 
Երբ որ կնքվի Խաղաղության պայմանագիրը, և ավարտվի սահմանազատման գործընթացը, լինի տարածաշրջանային խաղաղություն, գուցե տրամաբանական լինի, որ մոնիթորինգի անհրաժեշտություն չկա, բայց այս պահին նման հարց, բնականաբար, չի քննարկվում»,- նշեց նա:
 
Իսկ թե Խաղաղության պայմանագիրը ո՞ր հարթակում և ի՞նչ ձևաչափով կարող է ստորագրվել, ըստ Խանդանյանի՝ հարցը դեռ բաց է։
 
«Հնարավոր է՝ և երկկողմ ինչ-որ ֆորմատով ստորագրվի, հնարավոր է՝ որևէ երրորդ գործընկերոջ երկրում ստորագրվի, որևէ տարբերակ բացառված չէ։ Մեզ համար առաջնահերթ է, որ ստորագրվի այն սկզբունքներով, որ մենք կարևորում ենք»,- շեշտել է նա:
 
Անդրադառնալով ՀՀ-ի զինվելու վերաբերյալ Ադրբեջանի վերջին դժգոհություններին՝ Խանդանյանը պատասխանել է. «Հայաստանի պաշտպանական կարիքները բավարարելու ու խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումն է, 3-րդ կողմը չի կարող ստիպել կամ պահանջել չզինվել։ Հայաստանի կառավարությունը շատ հստակ առաջարկ է արել Ադրբեջանին, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդրվի, որն անարձագանք է մնացել:
 
Պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը ևս զինվում է, եթե այնտեղ այդպիսի մտահոգություն կա, այստեղ է ՛լ ավելի կա այդ մտահոգությունը և դրա համար էլ ավելի շատ տրամաբանական էր՝ այդպիսի մեխանիզմ գործի»,-ասել է նա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը