Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը


Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը

  • 05-09-2024 12:45:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին որոշմանը:
 
Հարցը Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի՝ չզեկուցվող հարցերի փաթեթում էր:
 
Ըստ որոշման՝ Հայաստանի Հանրա­պետության սահմանադրական դատարանի կողմից կանոնակարգում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրա­պե­տու­­­թյան Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում ՀՀ կառավարության օրենսդրական նախա­ձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրա­պետության Ազգային ժողով:
 
Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ կլինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
 
Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 2-ին հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել էին։
 
Կանոնակարգում նշվում է, որ հանձնաժողովները կհիմնվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին): 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը