«Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին». քաղաքապետ Տիգրան Ավինյան


«Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին». քաղաքապետ Տիգրան Ավինյան

  • 07-09-2024 11:19:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 6-8-ը Երևանը կարդալու է. գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը միավորել է գրքասերներին, ընթերցողներին ու հրատարակիչներին: 
 
Երևանի քաղաքապետարանը երկրորդ տարին անընդմեջ ստանձնել է փառատոնի գլխավոր հովանավորի դերը: Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։
 
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ այս երեք օրերի ընթացքում երևանցիներն ու քաղաքի հյուրերը կունենան գրատոնը վայելելու բոլոր հնարավորությունները: 
 
«Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին: Շատ հաճախ իրենք հենց նույն անձինք են: Գրքի արժեքը գնահատող մարդն է, որ հոգատար կարող է լինել իր քաղաքի, բակի, շենքի նկատմամբ և, իհարկե, ներդաշնակ ու համերաշխ՝ իրեն շրջապատող մարդկանց հետ: Գրքի անսահման բարիքից օգտվողն է, որ կարող է զարգացնել քաղաքն ու ապրեցնել այն:
 
Այս առումով շատ ուրախ եմ, որ փառատոնը ևս մեկ առիթ է՝ գրքի և մեր սիրելի քաղաքի անբաժանությունը խորհրդանշելու համար»,-նշել է քաղաքապետը:
 
Գրքի և ընթերցանության հանրահռչակմանն ուղղված Երևանի քաղաքապետարանը տարբեր ծրագրեր է իրականացնում:
 
Քաղաքի գրադարանների համար էլ շուրջ 40 մլն դրամի գրքեր են ձեռք բերվել: 
 
Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի շրջանակում նախատեսված է 32 միջոցառում: Գրքի տոնավաճառ՝ 20-40% պարտադիր զեղչով՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում, գրական մրցույթ, թատերական ներկայացումներ ու տարաբնույթ այլ միջոցառումներ. բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: 
 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն