Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Հայաստանի երկաթուղու ջրհեղեղից տուժած հատվածներ


Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Հայաստանի երկաթուղու ջրհեղեղից տուժած հատվածներ

  • 14-09-2024 13:32:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 14-ին այցով Հայաստանում գտնվող ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Հայաստանի Լոռու մարզ, որտեղ ծանոթացել է ընթացիկ տարվա մայիսի վերջին ջրհեղեղից ավերված երկաթուղու ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների արդյունքներին: Ուղևորության ընթացքում նրան ուղեկցել են «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչները:
 
Ալեքսեյ Օվերչուկը էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան, որտեղ երկաթուղային գիծը ջրհեղեղից ավերվել էր 6 հատվածում, և կանգառի ժամանակ մանրամասն ծանոթացել է վերականգնողական աշխատանքների տեխնոլոգիային և ծավալին:
 
Երկաթուղու տվյալ հատվածը Հայաստանի երկաթուղային ցանցը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճյուղն է։ Երթևեկության վերականգնման պահից մինչ օրս ՀԿԵ-ն տեղափոխել է 425 հազար տոննա բեռ: Հատվածի վերականգնման վրա աշխատել են ՀԿԵ մասնագետները և Հայաստան գործուղված «Ռուսական երկաթուղիներ»-ի և «Վրացական երկաթուղիներ»-ի մասնագետները։
 
Սահմանափակ ժամանակահատվածում իրականացվել է հսկայական քանակությամբ հողային աշխատանքներ, վերականգնվել են երկաթուղային գծի կիլոմետրեր, կոնտակտային ցանցեր, կապի համակարգեր և քարշային ենթակայաններ: Մինչև երթևեկության վերականգնումը ստեղծվել է առաջնահերթ բեռները Հայաստան հասցնելու ժամանակավոր սխեմա։ Ավերիչ տարերքի հետևանքների վերացման համար ընդհանուր առմամբ «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների կողմից ուղղվել է ավելի քան 800 մլն դրամ:
 
Մայիսի 25-ին երկարատև տեղումների, դրան հաջորդած վարարման և Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի հուներից դուրս գալու հետևանքով Հայաստանի Հանրապետության հյուսիսային երկու մարզերի տարածքում տեղի է ունեցել բնակավայրերի ջրածածկում և ավտոմոբիլային ճանապարհների հատվածների վնասում, 16 բնակավայրերի ջրամատակարարման խափանում:
 
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից կառավարվող մի շարք երկաթուղային ենթակառուցվածքային օբյեկտներ վնասվել են, այդ թվում՝ 1800 մ  ռելսային ուղի, 45 կոնտակտային ցանցի հենարաններ, մի շարք քարշային ենթակայանների էլեկտրամատակարարման խափանում, երկաթուղային տեխնիկայի վնասում: Սողանքի հետևանքով երկաթուղային գծերի վրա կանգնեցվել է Այրում – Սանահին հատվածում գնացքների երթևեկությունը ներքին և միակ միջազգային (Վրաստանի հետ) հաղորդակցությունում:
 
 
ՀԿԵ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն