ՀԱՊԿ–ը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության. Տասմագամբետով
18-09-2024 13:18:32 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ ՀԱՊԿ–ը տարբեր հարցերի կարող է քննարկել պաշտոնական Երևանի հետ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանին դիտարկում է իրավահավասար գործընկեր։ Այս մասին «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել Ռուսաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին։ Այնուամենայնիվ, ՀԱՊԿ ղեկավարությունը նախկինի պես կազմակերպության ձևաչափում Հայաստանը դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր։
«Պատրաստ ենք երկխոսության պաշտոնական Երևանի գործընկերների հետ արդիական բոլոր հարցերի շուրջ»,– հայտնել է նա։
Տասմագամբետովը հավելել է, որ «Փոխգործակցություն», «Որոնում», «Էշելոն» զորավարժությունների ընթացքում գործի է դրվել ամենաժամանակակից տեխնիկան, ներառյալ տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր։
Մասնակիցները մարտական պատրաստվածության, ներդաշնակության, մոտիվացիայի բարձր մակարդակ են ցուցաբերել։
Տասմագամբետովը հավելել է, որ դա թույլ է տալիս արձանագրել ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային կառույցների պատրաստակամությունը համատեղ մարտական և այլ խնդիրների կատարման հարցում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ միջազգային գործընկերների հետ փոխգործակցությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկը։ Որպես հիմնական կառույցներ նա առանձնացրել է ՄԱԿ–ը, ՇՀԿ–ն և ԱՊՀ–ն, այդ թվում դրանց ստորաբաժանումները, որոնք վերահսկում են ահաբեկչությանը հակազդելը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին անկացվող Համաշխարհային հայկական 2-րդ գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ–ը սպառնալիքներ էր ստեղծում ՀՀ ինքնիշխանության համար, և որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում Հայաստանը մոտ է «անդառնալիության կետին»։
Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։
Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ Դեռ փետրվարի 23-ին France24»–ին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին։