ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության Համաժողովը (COP 29/CMP 19/CMA 6) Բաքվում անցկացնելու որոշոմը կարող է դիտարկվել որպես Ադրբեջանի ոճրագործ վարքագծի խրախուսում
18-09-2024 15:03:14 | Հայաստան | Հասարակություն
Հարգելի տիկնայք և պարոնայք,
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության Համաժողովը (COP 29/CMP 19/CMA 6) Բաքվում անցկացնելու որոշոմը կարող է դիտարկվել որպես Ադրբեջանի ոճրագործ վարքագծի խրախուսում: Այն նաև միջազգային նորմերի և արժեքների անտեսում է։
Նման միջոցառումը նախատեսվում է անցկացնել մի երկրում որը մեղադրվում է մարդու իրավունքների խախտման, պատերազմական հանցագործությունների, էթնիկական զտումների և ցեղասպանության քաղաքականության իրականացման համար։ Ահա թե ինչու, Հայաստանի Կանաչների Միությունը դեմ է Բաքվում կլիմայի փոփոխության համաժողովի անցկացմանը։
2022 թվին Ադրբեջանը հերթական անգամ հարձակվեց Արցախի վրա՝ գրավելով նրա տարածքի զգալի մասը, որից անմիջապես հետո լիակատար շրջափակման ենթարկեց Արցախի բնակչությանը։ Ավելի քան մեկ տարի անց՝ մահվան սպառնալիքի տակ, պարտադրեց 120 հազար հայերի զանգվածային բռնագաղթ՝ զրկելով նրանց իրենց հազարամյակների բուն Հայրենիքից: Շատերը դեռևս անհետ կորած են, և տուժած ընտանիքները շարունակում են տառապել՝ իրենց սիրելիների ճակատագրի մասին՝ ապրելով հույսի և հուսահատության մշտական վիճակում։
Եվրոպական Խորհրդարանը Ադրբեջանի զինված միջամտությունը անվանեց «էթնիկական զտում» և կոչ արեց ամբողջությամբ վերանայել հարաբերությունները Բաքվի հետ:
COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումը, դառնում է առավել ևս վիճահարույց, երբ ռազմական նվաճողականությամբ տրամադրված Ադրբեջանը այդ քաղաքականությունը շարունակում է, այս անգամ արդեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ Ադրբեջանական զորքերը գրավել են տարածքներ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից։
Կլիմայի Համաժողովի անցկացումը Բաքվում կվնասի Կլիմայի Կազմակերպության հեղինակությունը։
Մենք կոչ ենք անում բոլոր ազատատենչ երկրներին, բոյկոտել Համաժողովը Բաքվում կազմակերպելը։ Նման հեղինակավոր վեհաժողով Բաքվում անցկացնելը կդիտարկվի որպես լուռ համաձայնություն և նույնիսկ համակրություն, ցեղասպան Ադրբեջանական քաղաքականության հանդեպ։
Կլիմայի ճգնաժամը չի լուծվի քաղաքական խաղերով և առևտրով։ Նա կլուծվի միայն խորը սիրով բնության հանդեպ և մարդկային բարձր բարոյական արժեքներին կառչելով։