Եվրաջասթի հետ գործակցության խորացում, վիզայի ռեժիմի ազատականացում, բյուջետային աջակցություն. Գրիգոր Մինասյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում գործակցության ընդլայնման հնարավորությունը
Եվրաջասթի հետ գործակցության խորացում, վիզայի ռեժիմի ազատականացում, բյուջետային աջակցություն. Գրիգոր Մինասյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում գործակցության ընդլայնման հնարավորությունը
20-09-2024 12:56:01 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը ընդգծել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների և իրավունքի գերակայության ապահովման համատեքստում ԵՄ հետ համագործակցության բարձր մակարդակը։
Գրիգոր Մինասյանն անդրադարձ է կատարել ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) հետ համագործակցության խորացմանը, ընդգծել Եվրաջասթ համաձայնագրի կատարումն ապահովող «Աշխատանքային պայմանավորվածության» նախագծի ստորագրման կարևորությունը:
Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքի վերանորոգմանը ԵՄ աջակցության համար, հույս հայտնել, որ այս ուղղությամբ գործակցությունը կլինի շարունակական:
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն անդրադարձ է կատարել վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսությանը: Կողմերն արձանագրել են այս ուղղությամբ նախատեսվող գործողությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ԵՄ բյուջետային աջակցությանը, ինչպես նաև Էլեկտրոնային արդարադատության «e-justice» միասնական համակարգի մշակման աշխատանքներին:
Գրիգոր Մինասյանն ու Վասիլիս Մարագոսը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղ աշխատանքները արդարադատության ոլորտի բարեփոխման համատեքստում: