Փաշինյանի ելույթը Սփյուռքի գագաթնաժողովում. սխալ գաղափարներ, սխալ ժամանակի ընտրություն, սխալ վայր. Հարութ Սասունյան


Փաշինյանի ելույթը Սփյուռքի գագաթնաժողովում. սխալ գաղափարներ, սխալ ժամանակի ընտրություն, սխալ վայր. Հարութ Սասունյան

  • 28-09-2024 11:49:18   | Հայաստան  |  Քաղաքական

 
Ես կցանկանայի մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցնցող հայտարարությունները 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում կայացած Համաշխարհային հայկական գագաթնաժողովում:
 
Մեկուկես ժամ շարունակ Փաշինյանը պատասխանեց հաղորդավարի հարցերին՝ աշխարհի տարբեր երկրներից հավաքված հարյուրավոր հայերի առջև:
 
Նախքան Փաշինյանի պատասխանների էության մեջ խորանալը՝ նրա հիմնական խնդիրն այն է, որ նա հաճախ ասում է այն, ինչ գալիս է նրա մտքին այդ պահին, առանց դրա մասին երկար մտածելու:
 
2024 թվականի սեպտեմբերի 18-ին մեծ թվով սփյուռքահայերի ներկայությամբ Փաշինյանը երեք խոշոր սխալ թույլ տվեց. 1) նա շատ սխալ բաներ ասաց. 2) դրանք ասաց ոչ ճիշտ մարդկանց (սփյուռքահայերին)․ և 3) նա ընտրեց առավել անպատշաճ ժամանակը` Հայաստանի Անկախության տարելիցից մի քանի օր առաջ՝ իր հայրենասիրությունը, ինչպես նաև համայն հայության հայրենասիրությունը նսեմացնելու համար:
 
Ահա մի քանի հատվածներ հայրենասիրության մասին Փաշինյանի ցնցող մեկնաբանություններից. «Ես ձեզ կասեմ, ինչպես ընտանիքիս եմ ասում՝ ամենամեծ պրոբլեմը, որը մենք ունեցել ենք, դա եղել է մեր հայրենասիրությունը։ Ընդ որում, ասվածի մեջ հեգնանք չկա, սարկազմ չկա։ Ամենամեծ պրոբլեմը, որ մենք ունեցել ենք, դա եղել է մեր հայրենասիրությունը, ամենամեծ պրոբլեմը, որ ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունը՝ այն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի։ Դա ուղղակի հայրենասիրության կայսերական մոդել է, որը գրքերով, ֆիլմերով, տեքստերով, ելույթներով, հերոսներով, կերպարներով, անուններով, նկարներով ներմուծվել է մեր սոցիալ հոգեբանություն»։
 
Փաշինյանն անտրամաբանորեն ասաց լսարանին, որ «հայրենասիրության այս մոդելի հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն, գոյություն չունենա… Բայց հայրենասիրության այս մոդելը նրա համար է, որ մենք հայրենիք չունենանք, այլ միայն տեսականորեն սիրենք, տեսական Հայաստան ունենանք ու սիրենք՝ պատից կախված ունենանք, կենացների մեջ ունենանք, տորթերի վրա ունենանք, իսկ գետնի վրա չունենանք։ Սա այն է, ինչ մեզ հետ տեղի ունեցել վերջին մի քանի հարյուրամյակում»:
 
Դրանից հետո Փաշինյանը մեղադրեց հայերին և «մյուսներին»: «Ես այնքան եմ խոսում ֆորպոստի մասին։ Ես հասկանում եմ, որ շատերը կարծում են, որ ես նկատի ունեմ, որ ուրիշներն են մեզ դարձրել ֆորպոստ: Ոչ, մենք ենք մեզ դարձրել ֆորպոստ: Մենք Հայաստանի Հանրապետությունը դարձրել ենք ֆորպոստ այն ընկալմամբ, որ սա ոչ թե մի երկիր է, որը պետք է ապահովի իր քաղաքացիների բարեկեցությունը, այլ սա մի բազա է, որի միջոցով մենք պետք է հասնենք այլ նպատակների... Ուրիշները տեսել են, որ շատ պարարտ հող կա, և ցանել են այդ սերմերը, այն պտուղները ստանալու համար, որն իրենց անհրաժեշտ է․․․ Մեր սեփական բարօրության համար մենք պետք է ճանաչենք մեր հայրենասիրության կործանարար կողմը: Հայաստանի Հանրապետության շահերից կբխեր, եթե ես չլինեի հայրենասեր: Դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ, այն սերն է, որ ես տածել եմ իմ երկրի և իմ ժողովրդի նկատմամբ... Այնուամենայնիվ, գլխավոր պրոբլեմն այն է, որ այդ սիրո բովանդակության հեղինակը դուք չեք, ես չեմ։ Դա կայսերական սեր է՝ կայսրության կողմից ձևակերպված սեր՝ ներդրված մեր մեջ», ասել է Փաշինյանը:
 
Այնուհետև Փաշինյանը կեղծ կերպով Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելու հայ ժողովրդի ջանքերը վերագրեց Խորհրդային Միության մանիպուլյացիաներին՝ «թույլ տալու» Խորհրդային Հայաստանին հիշատակել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի հակազդեն Թուրքիային և ՆԱՏՕ-ին: Նա սխալմամբ պնդեց, որ Խորհրդային Միությունը թույլ է տվել, որ Ցեղասպանության հուշարձանը կառուցվի Երևանում այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունն ու ԱՄՆ-ը միջուկային պատերազմի շեմին էին:
 
Այսպիսով, նա նսեմացրեց Հայոց ցեղասպանությունը՝ ամոթալի կերպով այն որակելով որպես խորհրդային քարոզչության գործիք:
 
Փաշինյանի ասածների մեծ մասը սխալ էր, անհարգալից և հակահայկական։ Փաշինյանն այս հայտարարություններն արեց հարյուրավոր հայրենասեր հայերի առջև, որոնք ամբողջ աշխարհից եկել էին Երևան՝ իրենց զորակցությունը հայտնելու հայրենիքին, միայն թե լսեցին, որ հայրենասիրությունը «կործանարար» է և  օտարներից ոգեշնչված գաղափար։ Նրա խոսքերը նույնպես անպատշաճ ժամանակ հնչեցին Հայաստանի Անկախության 33-րդ տարելիցից ընդամենը օրեր առաջ։ Սա Փաշինյանի վարչակարգի միտումնավոր քաղաքականությունն է՝ պառակտում սերմանելու Հայաստանի և Սփյուռքի միջև և Հայաստանի բնակչությանը բաժանելու նախկին և ներկա ղեկավարների կողմնակիցների։
 
Նույն հարցազրույցի ընթացքում Փաշինյանը ևս մեկ սխալ և չափազանց անտեղի նկատողություն արեց՝ քննադատելով և մերժելով Սփյուռքի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունը՝ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված հարյուրավոր հայերի առջև:
 
Նա ասաց. «Ես շատ ուզում եմ, որ Հայաստանը դադարի կարեկցանքի օբյեկտ լինել՝ դուրս գա այդ կարգավիճակից։ Ես, իհարկե, չգիտեմ, միշտ չի, որ իմ հանձնարարությունները ճշգրիտ կատարվում են, օրինակ, ես արգելել եմ, չգիտեմ, թե դա որքանով են կատարում, որ Հայաստանում, նրանք [Սփյուռքը], ասենք  օգտագործված շորեր ուղարկեցին, օգտագործված ավտոներ ուղարկեցին, կիսամաշ «պակրիշկա» ուղարկեցին, կիսամաշ կոշիկ ուղարկեցին պետական հիմնարկների համար, մանկատների համար։ Կներեք, բայց Հայաստանի կառավարությունն ի վիճակի է իր պատասխանատվության ներքո գտնվող հիմնարկների համար ինչ-որ մինիմում ապահովել։ Այսինքն, Հայաստան կիսամաշ բաներ ուղարկելու այդ ընկալումից, ու հետո դա էլ ամիսներով լուսաբանելուց, որ ուղարկվեց այսքան դեղ, որի ժամկետը լրանում է մեկ շաբաթից։ Ես հաշտ չեմ, ես կոնֆլիկտ ունեմ Հայաստանի Հանրապետության այս ընկալման հետ։ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, որն ունի բարդություններ [դժվարություններ], ակնհայտ բարդություններ։ Բայց, կներեք, ո՞րն է այն պետությունը, որը չունի բարդություններ»։
 
Սփյուռքի կողմից Հայաստան ուղարկված օգնության մասին Փաշինյանի նվաստացուցիչ արտահայտությունները խորապես վիրավորական են։ Նա չպետք է խոսի այնպիսի բաների մասին, որոնց մասին ոչինչ չգիտի։ Ես «Հայաստան-Արցախ» հիմնադրամի նախագահն եմ, որն անցած 35 տարիների ընթացքում Հայաստան է ուղարկել ավելի քան մեկ միլիարդ դոլարի օգնություն, հիմնականում՝ դեղամիջոցներ։ Մենք խստորեն հետևում ենք Հայաստանի բոլոր օրենքներին և ընթացակարգերին։
 
Ոչ ոք չի կարող Հայաստան դեղամիջոցներ ուղարկել, որոնց ժամկետը լրանում է մեկ շաբաթ անց։ Դոնորները նախօրոք պետք է Առողջապահության նախարարությունից ձեռք բերեն ներմուծման արտոնագիր, որը պահանջում է, որ բոլոր դեղամիջոցներն ունենան առնվազն մեկ տարվա պիտանելիության ժամկետ: Հակառակ դեպքում դրանք առգրավվում և ոչնչացվում են մաքսային ծառայողների կողմից։
 
Սփյուռքի օգնությունը քննադատելու փոխարեն, Հայաստանի կառավարությունը պետք է հրապարակի այն առաջնահերթ ապրանքների ցանկը, որոնք անհրաժեշտ են բնակչությանը և խրախուսի պոտենցիալ դոնորներին ուղարկել այդ ապրանքները:
 
Փաշինյանն այնպես է վարվում, կարծես թե նա հարուստ երկրի վարչապետ է, որի բնակչությունը ոչ մի բանի կարիք չունի:
 
Ցավոք, դա այդպես չէ: Սփյուռքի կողմից ուղարկված օգնությունը թերագնահատելու փոխարեն, Հայաստանի կառավարությունը պետք է իր երախտագիտությունը հայտնի բոլոր դոնորներին և խրախուսի նրանց ավելին անելու համար:
 
Վարչապետի կեղծ հայտարարությունները հայրենասիրության և մարդասիրական օգնության մասին ներկաներից շատերին գցեցին շոկի մեջ: Փաշինյանը կարծես թե չի գիտակցում, որ իր խոսքերը հետևանքներ ունեն Հայաստանի և հայերի վրա: Նա այլևս անպատասխանատու փողոցային ցուցարար չէ, որը կարող է ասել այն, ինչ մտքով անցնում է։
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական