Ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել, բայց կային հարցեր, որ ինձ համար ևս անհասկանալի էին. ԱԺ նախագահ
01-10-2024 15:31:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել Արդարադատության նախարարի պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Ես շատ ցավում եմ, որ պարոն Մինասյանը հրաժարական է տվել, ես շատ դրական եմ վերաբերվում իրեն: Սակայն, այնուամենայնիվ, խմբակցությունը քաղաքական կարևորագույն մարմին է: Եվ խմբակցության կարծիքը նույնպես կարևոր է»,-ասաց ԱԺ նախագահը:Նա հաջողություն մաղթեց Գրիգոր Մինասյանին: Սիմոնյանը Մինասյանի հետ անձնապես շատ դրական հարաբերություններ ունի: «Այն աշխատանքը, որն արվել է, դրական է եղել:
Բայց կային բաներ, որոնք ինձ համար էլ էր անհասկանալի, օրինակ՝ վերջին նշանակումը: Որպես մարդու, որը նաև քաղաքական լայն գործունեությամբ է զբաղվում, քաղաքացիների հետ է շփվում՝ չեմ կարողանալու նմանատիպ քայլերը մեր ընտրողներին բացատրել»,-ասաց Սիմոնյանը:Ալեն Սիմոնյանը Գրիգոր Մինասյանին շնորհակալություն հայտնեց արդարադատության ոլորտի ձեռքբերումների համար՝ նշելով նաև բացթողումների մասին: Որոշ հարցերի առնչությամբ նա դժգոհություն հայտնեց:
ԱԺ նախագահն ասաց, սակայն, որ հարգանքով է վերաբերում Գրիգոր Մինասյանի որոշմանը:Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել։ Ավելի վաղ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին սկսել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով: