ՔՊ-ն դեմ է․ արցախցիների պայմաններն ուսումնասիրելու համար ԱԺ-ում հանձնաժողով չի ստեղծվի


ՔՊ-ն դեմ է․ արցախցիների պայմաններն ուսումնասիրելու համար ԱԺ-ում հանձնաժողով չի ստեղծվի

  • 02-10-2024 11:53:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik․ Բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով չի ստեղծվի։ Այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվերարկեց խորհրդարական ընդդիմության ներկայացրած նախաձեռնությանը։
 
Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց իշխող մեծամասնության դիրքորոշումը։ Ըստ Կոնջորյանի՝ ՀՀ կառավարությունը և կառավարող խմբակցությունն առաջին իսկ օրվանից բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, մի շարք օրենսդրական կարգավորումներ ներդրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսագործունեության պայմանների ապահովման, սոցիալական աջակցության, բնակարանային ապահովության և մի շարք այլ ծրագրերի ուղղությամբ։
 
«Մենք կարծում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունն իր պատգամավորական գործառույթների շրջանակներում օժտված է բոլոր լիազորություններով և լծակներով, որ անի հարցադրումներ, փորձի գտնել այն բոլոր փաստերը կամ տեղեկությունները, որոնք մտահոգում են այս գործընթացների հետ կապված»,- նշեց Կոնջորյանը։
 
Հավելեց՝ պատրաստ են տարբեր ձևաչափերով աշխատել և համագործակցել ընդդիմության հետ, սակայն, ըստ Կոնջորյանի, ընդդիմությունը երեկ չկարողացավ փաստարկված հիմնավորում ներկայացնել, թե ինչու են ցանկանում իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ հենց քննիչ հանձնաժողովով։
 
Իր հերթին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ իշխող մեծամասնության կողմից սա փորձ է հրաժարվելու սահմանադրական պարտականությունների կատարումից։
 
«Ուզում եմ հիշեցնել, որ քննիչ հանձնաժողովի կարևոր առաքելություններից մեկը հենց պառլամենտի վերահսկողական գործառույթի ներկայացումն է»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ հսկայական միջոցներ են հատկացվում Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար։ Խորհրդարանը պարտավոր է իրականացնել արդյունավետ վերահսկողություն, որի կարևոր առաքելություններից մեկը հենց սա պետք է լիներ։
 
20 րոպե ընդմիջում հայտարարվեց, որից հետո 28 կողմ, 56 դեմ ձայներով մերժվեց «Բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու» նախագիծը։
 
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հանձնաժողով ստեղծելու նպատակը բացարձակապես այս հարցն ավանդական ընդդիմություն–իշխանություն առաճակատումների դաշտ տեղափոխելը չէ, այլ փորձել հասնել Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման և դա իրականացնել Սահմանադրությամբ ու օրենքով նախատեսված կոնկրետ գործիքակազմի միջոցով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը