Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանի նավթի արդյունահանման օբյեկտներին. Axios


Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանի նավթի արդյունահանման օբյեկտներին. Axios

  • 02-10-2024 12:52:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանական մի շարք կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ կարող են իսրայելական հարվածների թիրախ դառնալ՝ ի պատասխան Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը։

Իսրայելի պաշտոնատար անձինք լրատվամիջոցին հայտնել են, որ Իսրայելը զգալի պատասխան հարված կհասցնի, որը կարող է ուղղված լինել նավթի արդյունահանման օբյեկտներին և մյուս ռազմավարական օբյեկտներին: Աղբյուրները նշել են, որ կդիտարկվեն բոլոր տարբերակները, այդ թվում նաև՝ իրանական միջուկային օբյեկտներին հարվածների հնարավորությունը։

Axios-ը նշում է, որ Իսրայելը կարող է պատասխանել ինչպես ինքնաթիռներից հարվածներով, այնպես էլ գաղտնի գործողություններով, ինչպիսին էր հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը:Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխանել Թեհրանի հոկտեմբերի 1-ի հարվածին՝ նշելով, որ Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար»։

Ըստ իսրայելական կողմի՝ Իրանի արձակած ավելի քան 180 հրթիռների մեծ մասը խոցվել է։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ երկրի զինված ուժերն առաջին անգամ օգտագործել են «Ֆաթթահ» հրթիռներ, և որ իրենց արձակած հրթիռների 90 %-ը հասել են իրենց թիրախներին։  ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դենի Դանոնն իր կողմից հայտարարել է, որ «Իրանն իրականացրել է այսօրվա դրությամբ Իսրայել պետության դեմ ամենախոշոր և ամենադաժան հրթիռային գրոհը»։ Նա նշել է, որ երկրի կառավարությունը կորոշի, թե երբ և ինչպես արձագանքել այդ գրոհին։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը