Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու բոլոր ռիսկերը. Միրզոյան


Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու բոլոր ռիսկերը. Միրզոյան

  • 02-10-2024 15:37:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու բոլոր ռիսկերը, Վարշավայում, Անվտանգության միջազգային ֆորումի ժամանակ, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
 
«Կայունությունն առաջնահերթություն է, և այն գործընթացը, որը կարող է տեղի ունենալ, պետք է լավ հաշվարկվի, կառավարվի։ Խոսքը ռիսկերի կառավարման մասին է», - ասել է Միրզոյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին։
 
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
 
Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։
 
Երևանն ադրբեջանական կողմից քաղաքական կամք չի տեսնում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, այսօր նաև հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
 
«Տեսնում ենք, որ Ադրբեջանը պարզապես չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է Միրզոյանը՝ շեշտելով․ - «Մենք մի իրավիճակում ենք, որ տեքստը գրեթե ամբողջությամբ պատրաստ է, բայց չի ստորագրվում»։
 
Արտգործնախարարի խոսով՝ Ադրբեջանն ամեն անգամ նոր նախապայմաններ է առաջ քաշում։
 
«Ադրբեջանական կողմից քաղաքական կամք չենք տեսնում», - ասել է Միրզոյանը։
 
Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։
 
Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։
 
Երևանում կայացած «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։
 
Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։
 
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին՝ Միրզոյանն ասել է՝ Երևանը անհանգստացած է վերջին զարգացումներով։
 
«Մենք Հայաստանում անում ենք լավագույն հնարավորը՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար ու տեսնում ենք, որ որոշ այլ երկրներ միմյանց հրթիռներով են հարվածում, իհարկե, անհանգստացած ենք», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։
 
Երեկ ուշ երեկոյան իսրայելական կողմը հայտարարեց՝ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ավելի ուշ հստակեցնելով՝ մոտ 180 հրթիռ է արձակվել։
 
Իրանի ղեկավարությունը Իսրայելի վրա հրթիռային հարձակումն անվանել է վրեժ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան արմատական «Համաս»-ի և Լիբանանում տեղակայված «Հեզբոլահ»-ի առաջնորդների սպանության համար:
 
Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար», երեկ ուշ երեկոյան, կառավարության նիստի ժամանակ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ շեշտելով․ - «Մենք հավատարիմ կմնանք մեր հաստատած կանոններին՝ «ով մեզ վրա հարձակվի, մենք էլ նրա վրա կհարձակվենք»։
 
Իրանն այսօր հայտարարարել է Իսրայելի վրա հարձակումն ավարտելու մասին։
 
«Մեր գործողությունները կավարտվեն, քանի դեռ Իսրայելի ռեժիմը չի որոշել հետագա պատասխան գործողություններ հրահրել:
 
Այս դեպքում, սակայն, մեր պատասխանն ավելի ուժեղ և հզոր կլինի»,- X-ի իր ուղերձում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը