Մենք կարող էինք գրոհել Իսրայելի տնտեսական ենթակառուցվածքները, բայց թիրախավորեցինք միայն ռազմաբազաներ. Բաղերի
02-10-2024 15:51:35 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրթիռային հարձակմանն է ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի (IAF) երկու բազա։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին, որի խոքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
«Մենք հնարավորություն ունեինք հարձակվել Իսրայելի տնտեսական ենթակառուցվածքի վրա, բայց մենք թիրախավորեցինք միայն ռազմակայանները»,- ընդգծել է նա։
Բաղերիի խոսքով՝ հարվածներ են հասցվել Նավաթիմ և Հաթզրիմ ավիաբազաներին, ռազմավարական ռադարներին և զրահատեխնիկայի կենտրոնացման կենտրոններին։
«Մեր հրթիռները կարողացել են հաղթահարել հակառակորդի հակաօդային պաշտպանության հզոր շերտերը: Գործողության այս փուլում բոլոր թիրախները բացառապես ռազմական բնույթ են կրել, բայց եթե նրանք նորից սխալվեն, մենք կկործանենք նաև նրանց ենթակառուցվածքը»,- ասել է նա:
Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ հարվածներ են հասցնում Լիբանանի տարբեր շրջաններում գտնվող «Հըզբոլլահի» թիրախներին։ Մի քանի թիրախային ավիահարվածներ են գրանցվել նաև Բեյրութի ուղղությամբ, որոնց արդյունքում վերացվել են «Հըզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարները, ինչպես նաև շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան։
Մինչ օրս իսրայելական բանակը հաղորդում է «Հըզբոլլահի» մի քանի հազար թիրախների վրա հարվածներ հասցնելու մասին:
Դիտորդները նշում են, որ Իսրայելը նման ինտենսիվությամբ չի հարձակվել «Հըզբոլլահի» վրա 2006 թվականի երկրորդ լիբանանյան պատերազմից հետո։
Կոնֆլիկտին միջամտել է Իրանը: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել Էր Իրանի կողմից հրթիռային հարձակման մասին, արձակվել են հարյուրավոր բալիստիկ հրթիռներ: Իսրայելի ողջ տարածքում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել։