Մայիսից վերանորոգման ու վերազինման փուլ մտած Մոսկվա կինոթատրոնը երեկ բացեց դռները նորովի. Այսուհետ ֆիլմասերների սիրելի շենքը կկոչվի «Կինոմոսկվա»:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Կինոմոսկվա»-ի մարկետինգի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանը, կինոթատրոնն ունի նոր կարգախոս՝ «Արի կինոյի աշխարհ», որը հրավեր է բոլորին՝ բացահայտելու ոչ միայն կինոյի կախարդական աշխարհը, այլև վերագտնելու մի վայր, որը երկար տարիներ եղել է մայրաքաղաքի մշակութային ժառանգության անբաժանելի մասը։
«Հիմնանորոգվել են բոլոր սրահները, համալրվել գերժամանակակից տեսալսողական սարքերով ու կահավորանքով։ Թարմացվել է օդափոխության և ջեռուցման համակարգը, հիմնովին բարեկարգվել են սանհանգույցները, վերափոխվել են նստատեղերը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով «Մոսկվա» կինոթատրոնի շենքի պատմամշակութային արժեքը, արտաքին հարդարման և մաքրման աշխատանքների ժամանակ խստիվ պահպանվել է հուշարձանի ինքնատիպությունը։
Տեխնիկական վերազինմամբ նորացվել են կինոթատրոնի և՜ ձայնային տեխնիկան, և՜էկրանները: Տեղադրվել են կինոէկրանների արտադրության ոլորտում առաջատար Harkness Screens բրիտանական ընկերության առանձանահատուկ էկրաններ։ Լազերային պրոյեկցիայի պայմաններում դրանք ապահովում են գույնի պայծառություն և լույսի հավասարաչափ բաշխում, ինչը թույլ է տալիս դահլիճի ցանկացած անկյունից տեսնել բարձր որակի պատկեր: Կինոդահլիճներն անցնում են 4K լազերայինպրոյեկցիայի»-, մանրամասնեց Ա. Խաչատրյանը:
Կինոթատրոնի վերաբացումը նշանավորվեց տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Ջոկեր: Խելագարություն երկուսի համար» ֆիլմի տարածաշրջանային եզակի փակ նախադիտումով:
Ըստ Ա. Խաչատրյանի՝ կինոթատրոնի տնօրինությունն արել է ամեն ինչ գրկաբաց ընդումեր քաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ համաշխարհային ու տեղական կինոարտադրության ֆիլմերի դիտումն ու ժամանցը միջազգային բարձր չափանիշներով կազմակերպելու համար: